Կառավարությունը պետք է գնա «կադրային ջարդի». Հակոբ Ավագյան (տեսանյութ)
Գործնակա՞ն, թե դեկլարատիվ են կառավարության ծրագրում ներկայացված քայլերը։ Այս հարցին այսօր անդրադարձան «Մեդիա կենտրոնի» քննարկման մասնակիցները։ «Դեկլարատիվ-հստակ քայլեր են։ Իհարկե՝ խնդիրները հստակ ձևակերպված են»,- ասում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Նրան ուրախացրել է մեկ բան. այս կառավարության հետ մեծ հույսեր են կապվել։ Բայց եթե գործադիրի նոր կազմը չկարողանա հասարակության աջակցությունից օգտվել, շատ վատ կլինի. «Մարդիկ նույնիսկ անձնական նամակներ են գրում վարչապետին։ Հասարակությունում էական արձագանք տվեցին այն կադրային փոփոխությունները, որ տեղի ունեցան»,- ասում է պարոն Խուրշուդյանը։ Տնտեսագետը նաև տարբերություն է նկատել նախորդ կառավարությունների ու Կարեն Կարապետյանի գլխավորած կաբինետի միջև: Այս կառավարությունը տնտեսագետին ճգնաժամային կառավարություն է հիշեցրել։ «Եթե նախկինում վարչապետ-նախարար պաշտոնը ընկալվում էր որպես իշխանություն, նվեր, լիազորություն, այս դեպքում կառավարությունը ընկալվեց, որ եկել է ինչ-որ բան անելու։ Գիտակցվում է, որ այն տնտեսական խնդիրները, որ ունենք, այո՝ կան և այս կառավարությունն էլ եկել է, որ ոչ ստանդարտ լուծումներ գտնվի խորը խնդիրներին, որոնց առաջ կանգնել ենք»,- նկատում է Աշոտ Խուրշուդյանը։ «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» Հ/Կ-ի ղեկավար Հակոբ Ավագյանը կառավարության ծրագիրը համարում է «ծրագիր՝ ծրագրի համար». կոնկրետ քայլերի պակաս կա. «Չենք տեսնում կոնկրետ քայլեր՝ ուղղված արտադրողին, որ ինչ ենք անելու, որ նրա կյանքը հեշտանա»։ Պարոն Ավագյանն անընդունելի է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքն այն մասին, որ հարկային-մաքսային ոլորտներում չարաշահումների ականատես լինելու պարագայում կարող են զանգահարել իրեն. «Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, որը բիզնես-օմբուդսմենի դերակատարում է ստանձնում։ Մենք պետք է վերջապես կարողանանք ստեղծել ինստիտուտ որպես այդպիսին, այլ ոչ թե անձնավորված վարչապետ, ում մազերն ավելի սև կամ սպիտակ են, կամ ավելի հասանելի է հեռախոսին»։ Ըստ Հակոբ Ավագյանի՝ կարճ ժամկետում հաջողություն գրանցելու համար կառավարությունը պետք է գնա «կադրային ջարդի». «Այն մաքսավորը, որը սովոր է այն կյանքին, որով ինքն ապրում է, ինքը չի կարող վաղվանից փոխվել և դառնալ ուրիշ մաքսավոր»։ «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» Հ/Կ-ի ղեկավարը պնդում է՝ կարիք չկա նորից սկսել ինչ-որ հետազոտություններ անել՝ պարզելու տնտեսության վիճակը.«Բազմաթիվ տնտեսական վերլուծություններ կան։ Դրանք պետք է պարզապես վերցնել՝ տեսնել ինչն է խնդիրը»։ Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկությունների 60%-ը զբաղվում է առևտրային գործունեությամբ։ Նրանց զարգացմանը կարող է նպաստել օրինակ՝ պետական գնումներում այդպիսի ձեռնարկություններին քվոտավորված տեղեր հատկացնելը, ինչը կաշխուժացնի տնտեսությունը։