Նիկոլայ Հովյանը 4-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում
Բաթումում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի 29 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ 8-ամյա Նիկոլայ Հովյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ բաժանեց 3-4-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ գործակիցներով մեր պատանի շախմատիստը 3-րդ տեղը զիջեց ադրբեջանցի մրցակցին: Այս տարիքային խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը գրավեց 73-րդ, իսկ Մենուա Հակոբյանը՝ 99-րդ տեղը:
Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում լավագույն արդյունք ցույց տվեց Սարգիս Սարգսյանը, որը 7 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը: Մինչեւ 10 տարեկան տղաների առաջնությունում 7 միավոր վաստակած Արսեն Դավթյանը վերջին պարտիայում պարտվեց եւ 13-րդ հորիզոնականից նահանջեց 21-րդ տեղ:
Մեր աղջիկներից համեմատաբար հաջող հանդես եկավ 12-ամյա Մարիամ Մկրտչյանը, որը ավարտական տուրում պարտվեց Իրանի ներկայացուցչին եւ ստիպված բավարարվեց 13-րդ տեղով՝ վաստակելով 7 միավոր:
Նշենք, որ տարբեր տարիքային խմբերում աշխարհի չեմպիոն դարձան ԱՄՆ-ի, Ռուսաստանի (2-ական), Թուրքմենստանի եւ Ղազախստանի պատանի շախմատիստները:
