Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկայի հայկական համագումարը՝ ՀՀ և ԼՂՀ ականազերծման նախաձեռնություններում

Հասարակություն
amn

Հոկտեմբերի 26-ին Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Խորհրդի անդամ Անի Թոթահը և գործադիր տնօրեն Բրայան Արդունին մասնակցել են Մարշալ ժառանգության ինստիտուտի (MLI) 19-րդ ամենամյա Ճանապարհների  ականազերծում խորագրով տոնախմբությանը, որտեղ նրանք հանդիպել են տնօրեններին, աջակիցներին և Շներով ականազերծման կորպուսի (K9) արշավի ակտիվիստներին: Համագումարը միջոցառմանը հրավիրել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին, այդ թվում՝ փոխդեսպան Հրաչյա Թաշչյանին, երկրորդ քարտուղար Նազելի Համբարձումյանին և հատուկ օգնական Անիտա Իսսաղոլյանին: Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Սյուզան Ռայսն առանցքային ելույթով հանդես եկավ, իսկ Ազգային հանրային ռադիոյի (NPR) լրատվական թղթակից Թոմ Գժելտենը միջոցառման հանդիսապետն էր: Ելույթ ունեցան նաև ԱՄՆ սենատոր Մայք Էնզին (Հանրապետական, Վայոմինգ) և տիկին Դայանա Էնզին, MLI-ի հիմնադիր և նախագահ, գեներալ (պաշտոնաթող) Գորդոն Սալիվանը և Շրի Լանկայի դեսպան Փրասադ Քարիյավասամը: Որպես Մարշալ ժառանգության ինստիտուտի ականազերծման ծրագրի շահառու՝ Համագումարը հանձն է առնում օգնել Հայաստանում ականազերծման նախաձեռնություններին՝ ձգտելով ավելի անվտանգ ապագա ապահովել մեր ժողովրդի համար հայրենիքում: «Բարձր ենք գնահատում MLI-ի շարունակական աջակցությունը և նվիրվածությունը և հատկապես ականներ հայտնաբերող լրացուցիչ վեց շների ձեռք բերումը, որոնք ուղարկվել են Հայաստան անցյալ տարվա ընթացքում», - ասել է Թոթահը: «Համագումարի հովանավորած` ականներ հայտնաբերող շների հաջողություններից են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի շփման գծում տարածքների ականազերծումը, այնպես որ ավելի շատ հողատարածքներ են ազատվել հողագործության, արոտավայրերի և տրանսպորտային նպատակներով օգտագործման, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի համար», - ավելացրել է նա: MLI շահույթ չհետապնդող, մարդասիրական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Մարշալյան նախագծի 50-րդ հոբելյանին: MLI-ն գործում է՝ շարունակելու ԱՄՆ քաղաքական գործիչ Ջորջ Մարշալի ժառանգությունը 21-րդ դարում՝ պատերազմներից և ականներից տուժած երկրներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և վերապատրաստական աշխատանքներ՝ օժանդակելու նրանց վերակառուցմանը:   Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: