Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերի 24-ին պարտատոմսեր կթողարկվեն (տեսանյութ)

Տնտեսություն
nasdaq-nkar

Եթե դուք ունեք ազատ դրամական միջոցներ, ապա կարող եք նոյեմբերի 24-ին «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիայի» առաջնային տեղաբաշխման հարթակից արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերել։ Դրանք թողարկում է «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը։ Առաջին տրանշով կտեղաբաշխվի 1 մլն դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմս՝ 9% տարեկան տոկոսադրույքով։ Երկրորդ տրանշը կլինի դրամային՝ 200 000 000 դրամի ծավալով՝ 14% ֆիքսված տոկոսադրույքով։ «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի խոսքով՝ քաղաքացիներին առաջարկվում են շահավետ և  հուսալի պայմաններ։ «Սա մի գործարք է, ֆինանսական գործիք, որը կօգնի ներդրում կատարել։ Քաղաքացին պիտի հստակ իմանա, որ իրեն պետք եղած ժամանակ հնարավոր կլինի վաճառել այդ պարտատոմսը և ոչ վնաս կրել, ոչ էլ տոկոսներ կկորցնել»։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Ռենեսա» ՓԲԸ-ն։ Գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանի խոսքով՝ տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով։ Պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պետք է դիմեն «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիայի» ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին։