Ոչ թե 5, այլ 2 աուդիտոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը (տեսանյութ)
Ոչ թե 5, այլ երկու աուդիտոր պետք է ունենա կազմակերպությունը՝ լրացուցիչ ծախսից խուսափելու համար: «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների համահեղինակ Էլինար Վարդանյանն առաջարկում է վերադառնալ հին՝ 2011թ. առաջ գործող կարգավորումներին, որով ենթադրվում են 2 հիմնական աուդիտոր: «Ընկերություններն ավելի ճկուն կլինեն, այսինքն՝ իրենք կարող են ոչ թե 5 հիմնական աշխատող ունենան աուդիտոր, այլ կնքեն պայմանագիր՝ ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող աուդիտորի հետ եւ այդպիսով ներգրավել այլ աուդիտորներ»,- ընդգծեց ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը: ՀՀ-ում գործում է 30-35 աուդիտորական ընկերություն: Գործող օրենքի համաձայն` 5 աուդիտորից առնվազը 3-ը` այլ գործատուի մոտ չպետք է աշխատի: Երբ հանվեց խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտը, պատվերների ծավալը նվազեց, եւ ընկերությունները պարզապես պահում են աուդիտորին, որն իրականում պարապուրդի մեջ է: Կառավարությունն առաջարկում է հիմքային փոփոխություն. գործադիրը պատրաստվում է 7-10 օրվա ընթացքում ներկայացնել հայեցակարգ, ըստ որի՝ կվերականգնվի նաեւ պարտադիր աուդիտը: «Կառավարությունը գնում է մի աննախադեպ քայլի՝ իր լիազորությունները տալիս է օրենքով ստեղծվող ինքնակարգավորվող մարմնին: Պետությունը գնում է այն ճանապարհով՝ եթե ես որակի ապահովման համար պետական հսկայական ապարատ պետք է պահեմ, ես ձեռնպահ եմ մնում նման ծախսեր կատարելուց եւ տալու եմ հաշվապահների պալատին»,- նշեց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: «Եթե մենք ֆունդամենտալ փոփոխություններ ենք անում, արդյոք մենք ազատականացնելո՞ւ ենք աուդիտորական ընկերություններին՝ աշխատողներ ընդունելու հարցում, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դուք 5-10 աշխատող պետք է ունենաք, որ այդ որակն ապահովեք, քանի որ պալատը կասի՝ չենք կարող որակի վերահսկողություն անենք»,- նկատեց Էլինար Վարդանյանը: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողվում փոխնախարարը նշեց, որ 5 աուդիտորի պարտադիր նորմը հայեցակարգում ամենայն հավանականությամբ չի լինի, կկարեւորվի աուդիտորի որակական աշխատանքը: Հանձնաժողովին ներկա բացառապես ՀՀԿ-ական պատգամավորները Էլինար Վարդանյանին առաջարկեցին ընդունել Կառավարության առաջարկը: «Ես կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակում շարունակական բարդություններ թողնել ընկերությունների վրա արդար կամ ազնիվ չէ: Միգուցե ընդգրկենք մեծ օրակարգ եւ հարցի քննարկումը լինեն ֆունդամենտալ փոփոխությունները, ես ինքս կհրաժարվեմ նախագծից»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը: «Աշնանը, եթե դուք վստահ եք, որ կլինեք պատգամավոր... որեւիցե մեկը վստահ չի կարող լինել»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Էլինար Վարդանյանի համահեղինակությամբ նախագիծը դրվեց քվեարկությամբ. 3 դեմ, 1 ձեռնպահ, 0 կողմ ձայներով այն բացասական եզրակացությամբ մտավ ԱԺ նիստերի մեծ օրակարգ: