Աշխատանքից ազատվել են ԲՍՓ համակարգի մի շարք աշխատակիցներ
Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից: Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ: Նշենք, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ: Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը: Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի հանձնարարությամբ, նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին