Հոգեբանի կարիք կա նույնիսկ դայակի ընտրության հարցում (տեսանյութ)
Էդան մի քանի ամիս հետո կավարտի բուհը: Սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի հատուկ հոգեբանության բաժնի 4-րդ կուրսում: «Մեր մասնագիտությունը այն միակ մասնագիտություններից է, որ չի կարելի բողոքել թե աշխատանք չկա, որովհետեւ հաստիքները բոլոր ուսումնական հաստատություններում ավելացել են, մանկապարտեզներից սկսած մինչեւ տեղային գնահատման կենտրոններ»,- ասում է Հատուկ հոգեբանության 4-րդ կուրսի ուսանողուհի Էդա Քալաշյանը: Հատուկ կրթության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին։ Այսպիսի ֆակուլտետ միայն ՀՊՄՀ-ում կա։ Ներառական կրթական համակարգի ներդրմամբ՝ այս շրջանավարտների պահանջարկը հետզհետե ավելանում է: «Մեր մասնագետները ոչ միայն կրթական ոլորտում են աշխատում, այլեւ կլինիկաներում, հատուկ կենտրոններում, աշխատանքի խնդիր չունենք, որովհետեւ շատ պահանջված մասնագիտություն է; Հիմա նկատել ենք, որ անգամ դայակ ընտրելիս ծնողները հենց մեր ֆակուլտետի շրջանավարտներին են նախընտրում»,- նշում է ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը: Այս պահին Ֆակուլտետում 1147 ուսանող է սովորում։ Տարեկան մոտ 160 շրջանավարտ ստանում է լոգոպետի, հատուկ հոգեբանի, հատուկ մանկավարժի կամ այլ նման մասնագետի դիպլոմ։ Իհարկե, ոչ բոլոր շրջանավարտներն են գտնում աշխատանք, սակայն, ըստ ֆակուլտետի դեկանի, դրա պատճառը ոչ թե աշխատատեղի բացակայություն է , այլ շրջանավարտի ցանկությունը: Հանրակրթական բոլոր դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի լինեն բոլոր երեխաների համար։ Սակայն առայժմ գործընթացը հուսադրող չէ։ Հանրակրթական 1464 դպրոցներից միայն 260-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող։ Մանրամասները՝ տեսանյութում