Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը խուսափել են ծրագրերում թվային հիմնավորումներ ներկայացնելուց (տեսանյութ)

Քաղաքականություն
kajq

Նախընտրական քարոզարշավի ընթացքում տնտեսական եւ սոցիալական հարցերին անդրադարձերը հռչակագրային էին։ Քաղաքական ուժերը խուսափել են ծրագրերում թվային հիմնավորումներ ներկայացնելուց։ «Խոսքի ազատության, պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան ասում է, սա բնորոշ է եղել, ինչպես ընդդիմադիրներին, այնպես էլ իշխող կուսակցությանը։ «Այս անգամ ես հատուկ ուշադրություն եմ դարձրել իշխող կուսակցության ծրագրին, ամբողջ տնտեսական բլոկում միայն մեկ թիվ կար՝ արտահանումը պետք է հասցվի ՀՆԱ-ի 40-45 տոկոսի։Սրա պատճառը, կարծում եմ, այն է, որ թվեր ներկայացնելը  պարտավորեցնող է»։ Աշոտ Մելիքյանն ընդգծում է, երբ ուսումնասիրում էին տնտեսական եւ սոցիալական խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական եւ հետընտրական մամուլի ասուլիսներում, փորձել է հասկանալ՝ ի՞նչ է ուզում անել Հանրապետականն ու ինչո՞ւ չի արել։ Հարցի պատասխանն այդպես էլ չի ստացել, թեեւ քարոզարշավի ընթացքում ամենաերկար ասուլիսները հենց ՀՀԿ-ինն են եղել։ Փոխարենն ամենակարճ ծրագիրն ու ելույթները Ծառուկյան դաշինքինն էին։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանն ասում է՝ ստացվում է, որ «Ծառուկյան դաշինքը» ամենաքիչն է խոսել, երեւացել, մինչդեռ դարձել է երկրորդ քաղաքական ուժը երկրում։ Հատկանշական է, որ նախընտրական ծրագրերում տնտեսական խնդիրներին անդրադարձ ավելի շատ է եղել, քան սոցիալական հարցերին։ Ավետիք Իշխանյանն հիշեցնում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների ձայնագրություններն ու ընդգծում, որ աշխատանքային իրավունքներն Հայաստանում առհասարակ անտեսված են. «Աշխատանքային իրավունքներն Հայաստանում ոչ թե զրոյական այլ մինուսական մակարդակի վրա են։ Ստրկական պայմաններ են։ Ոչ մի կուսակցություն չխոսեց նրանց աշխատանքային իրավունքների մասին։ Չխոսվեց Աշխատանքային տեսչություն ստեղծելու մասին, որը լուծարված է, չխոսեցին արհմիություններ ստեղծելու մասին»։ Ուսումնասիրությանն  աջակցել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը։  Հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթն ասում է. «Մենք հարցին մոտեցել ենք ռեստորան եկած հաճախորդի տեսանկյունից։ Ռեստորանը կուսակցություններն էին, հաճախորդները՝ ընտրողները, իսկ մենյուն՝ քաղաքական ուժերի ծրագրերը։ Մենք փորձել ենք հասկանալ, թե հաճախորդներին, որ ուժի մենյուն է առավել գայթակղիչ թվացել»։ Ֆելիքս Հեթն ընդգծում է, սա կարող է հիմք դառնալ, որպեսզի քաղաքական ուժերը առավել համեղ ու գայթակղիչ մենյու առաջարկեն հաջորդ անգամ, երբ հաճախորդները կգան ռեստորան, այսինքն՝ հաջորդ ընտրությունների համար։