Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեպլիկներ, ծիծաղ՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ (տեսանյութ)

Քաղաքականություն
qve

Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում սկսվեց ձայների հաշվարկը։ Քվեատուփը բացվեց ծափողջյուններով։ Հանված առաջին քվեաթերթիկը  «Երկիր Ծիրանի»-ի համար էր քվեարկված։ Քիչ անց ի օգուտ ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի ձայն տված քվեաթերթիկ հանվեց, որի վրա ոչ թե քվեարկելու նշան էր դրված, այլ ստորագրված էր։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանը դրեց քվեարկության եւ արդյունքում այն ճանաչվեց վավեր։  «Ելք» դաշինքի անդամ Վարդուհի Արամյանն ընդվզեց, սակայն ապարդյուն։ Երբ «Ա1+»-ի լրագրողը փորձում էր նկարել քվեաթերթիկը, հանձնաժողովի նախագահը սկսեց ակնհայտ նյարդայնանալ, նկատողություն անել լրագրողին` ասելով, թե մի նկարեք, խանգարում եք։ Քիչ անց եւս մի քվեաթերթիկ հանվեց, այս անգամ քվեարկած «Ելքի» օգտին, սակայն այն ճանաչվեց անվավեր։ Քվեաթերթիկի վրա գրված էր` «Մեկ ա ոչ մեկն էլ բանի պետք չի»: «Ելք» դաշինքի վստահված անձը պահանջեց այն վավեր ճանաչել։ Ամեն անգամ, երբ քվեատուփից դուրս էր բերվում Ելքի կամ "Երկիր Ծիրանի"-ի քվեաթերթիկները, հանձնաժողովի անդամները սկսում էին ռեպլիկներ անել, ծիծաղել։ Ներկաներից մեկը, որ առանց բեյջի էր, կոչ արեց ձայների բաշխումն առանց ռեպլիկների անել."Բոլորն էլ մերոնք են, պետք չէ": Հանձնաժողովի նախագահը հաճախակի էր սխալվում, դժվարությամբ էր երբեմն արտաբերում հատկապես Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի անունները, այդ պատճառով սկսեց առաջին, երկրորդ, երրորդ թվարկումով բաշխել քվեաթերթիկները։ ............... Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում սկսվեց ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանը խնդրեց երկու րոպեով ընդհատել հաշվարկն ու դուրս եկավ։ Ելք դաշինքի անդամ Վարդուհի Արամյանին այս հանգամանքը զարմացրեց.«Բոլորդ փորձառու մարդիկ եք, չգիտեք, որ հաշվարկը չի կարելի ընդհատել»: Նրան սկսեցին հակաճառել` ասեկով.«Մարդն, ասենք թե, զուգարան է գնում, հո չէր բարձրաձայն ասելու կամ, հո, պամպերսով չէր գալու»: Հանձնաժողովի նախագահը հետ եկավ` զայրանալով.«Պետքարան չի կարելի գնալ»: Ասաց ու նորից գնաց։ «էդ պետքարանից կիսատ հետ եկա՞վ»,-արձագանքեց Վարդուհի Արամյանը։