Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-հարավը դժվարացրել է մարմարաշենցիների կյանքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hyusis-harav

Հյուսիս-Հարավ արագընթաց ճանապարհին  ընթացքը դանդաղում է, երբ  անցնում է կովերի նախիրը: Ավտոմեքենաների շրջադարձի հարցն ավելի բարդ է՝ խախտում խախտման հետեւից է լինում, քանի որ վարորդները ստիպված անթույլատրելի տեղից են շրջադարձ կատարում: Մոտակա Մարմարաշեն գյուղ մտնելու համար ավտոմեքենաներն անցնում են  գազալցակայանի մասնավոր տարածքով: Երկու տարի առաջ պաշտոնապես բացված Հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհը դեռ շտկումների կարիք ունի. այն մեկ անգամ արդեն փակվել է՝ վերանորոգման համար, իսկ Մարմարաշեն գյուղի մոտ հավելյալ նոր աշխատանք է սկսվել՝ կամուրջ է կառուցվում: «Մինչեւ կամուրջ կառուցելը էնտեղ ահագին կտրվածքներ դրեցին, քարեր դրեցին, վթարներ էին լինում, մարդիկ էին զոհվում: Հիմա մի քիչ կարգավորվել է՝ կամուրջը կառուցման մեջ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մարմարաշենի բնակիչ Վարդգես Հարությունյանը: Առանց այս կամուրջի՝ գյուղի բնակիչները, ասենք՝ Մասիս քաղաքի հիվանդանոց կամ ադմինիստրատիվ այլ հաստատություններ հասնելու համար ստիպված էին 9 կմ-ոց շրջադարձ կատարել՝ նախկին 3 կմ-ի փոխարեն: «էդ 9 կմ-ն մինչեւ գնայինք-գայինք, տաքսի են մարդիկ պատվիրում, կրկնակի գումար էր ծախսվում, ժողովուրդն է, դե գիտեք, այնքան ունեւոր չէ: Եթե մի ծանր հիվանդ լիներ, զանգահարեինք շտապօգնություն, այն մինչեւ գար, հիվանդը կմահանար»,- նկատում է Վարդգես Հարությունյանը: «Երբ որ դուք ձեր տունը վերանորոգում եք, դուք ստիպված եք լինում ձեր հարեւանների ներողամտությունը հայցել, քանի որ այդ 3-4 ամիսների ընթացքում փոշի, աղմուկ եւ այլ խնդիրներ են»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյան:     Կառուցվող կամուրջը նախատեսված չէր Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածում։ Սա որոշվեց կառուցել մարմարաշենցիների՝ նախորդ տարի անցկացված բողոքի ակցիայից հետո։«Հյուսիս-հարավ միջանցքը նախագծվում է՝ հիմք ընդունելով ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ ուսումնասիրվում ու հիմք են ընդունվում բարձրագույն ստանդարտները: Ավելի լավ ճանապարհ, քան Հյուսի-հարավն է՝ կահավորանքի իմաստով, եթե դուք ինձ՝ որպես պատասխանատուի, հարցնեք, ու այս հարցով, ի դեպ, շատ վեճեր ենք ունենում ֆինանսական իշխանությունների հետ, ապա ես կասեմ, որ այն  բարձրագույն ստանդարտով կահավորված, անվտանգության կանոններով օժտված ճանապարհ է»,- վստահեցնում է Արթուր Առաքելյանը:  Ընտանի կենդանիների անցման եւ շրջադարձերի համար, ըստ փոխնախարարի, իրենք ժամանակավոր լուծումներ են տվել՝ճանապարհահատվածը կահավորել են համապատասխան նշաններով, իսկ արագությունը սահմանափակել են մինչեւ 30 կմ/ժ:  Ի դեպ, ճանապարհային նշանների մի մասի բացակայությունը Արթուր Առաքելյանը պայմանավորեց գողության բազմաթիվ դեպքերով: