Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով. թանգարանային գիշեր
Հայաստանում այսօր թանգարանների գիշեր է: Արդեն 13-րդ տարին է՝ մեր երկիրը միացել է համաեվրոպական «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այս տարի միջոցառմանը կմասնակցի 113 թանգարան Հայստանից եւ Արցախից: Ավելի քան 30 հազար թանգարաններ ամբողջ աշխարհում այսօր հանդես են գալու տարվա թեմային համահունչ նախաձեռնություններով: Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին՝ թանգարաններում»: Հայաստանի պատմության թանգարանն այսօր առավոտից կբացի ցուցահանդես՝ «Պատմության սեւ էջը. 1915» խորագրով, իսկ ժամը 22:00-ին թանգարանում կկատարվի մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Կոմիտասի թանգարան- ինստիտուտում ամբողջ օրը տեղի կունենան տարբեր ժանրերի կատարողների համերգներ: Ինչպես նաեւ նկարչության բաց դաս՝ Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ եւ կրթական ծրագիր ՝«Հազար ու մի խաղ», որտեղ կուսուցանվի Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի 3–4 նմուշ: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր կկազմակերպվի ինտերակտիվ ներկայացում, ֆլեշ մոբ եւ ռազմահայրենասիրական երգերի համերգ: Երեւան քաղաքի պատմության թանգարանում այսօր ժամը 20:00-ին կկայանան ընթերցումներ, հանդիպումներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Արամ Խաչատրյանի տուն թանգարանում եւս ողջ օրը կհնչեն տարբեր երաժշտական կատարումներ: Իսկ ժամը 19:00–20:30 կլինի պարի ուսուցում: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում 20:00–23:00 կհյուրասիրեն կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով: Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա ցուցահանդես․ «Բույր, պատկեր, հիշողություն» խորագրով: Կներկայացվեն 19–րդ դարի օծանելիքի սրվակներ, շպարի միջոցներ: Կարեն Դեմիրճյանի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցահանդես. «Չիրագործված ծրագրեր»: «Թանգարանային գիշեր»-ի ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ