Միջազգային փորձագետը դժգոհություն հայտնեց առաջարկվող օրենքից (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ այսօր անցկացվեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն իր խոսքում առանձնացրեց պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային տարբերակը, քանի որ փոստով դիմելու դեպքում մարդը 5-6 օր կորցնում է։ Բուռն քննարկման առարկա դարձավ նաեւ լիազոր մարմնի ստեղծումը, որը լինելու էր ՄԻՊ կազմում. «Եթե ոլորտի ներկայացուցիչները դրա կարիք չեն տեսնում, ապա մենք պետական լրացուցիչ ռեսուրսների ծախսման միտում չունենք»: Նա վստահեցրեց, որ հիմնական շահառուների կոնսենսուսի հիման վրա այս օրենքի փոփոխությունները կմտնեն ԱԺ. «Եթե որոշվի, որ օրենքը առաջընթաց քայլ է, միայն այդ դեպքում այն կգնա ԱԺ։ Դրա համար կառավարությունից ժամանակ ենք խնդրել, եւ հիմա այդ պատճառով խորը մասնագիտական քննարկում պետք է անենք»։ Միջոցառման կազմակերպմանը աջակցում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագիրը: Ծրագրի ներկայացուցիչ Նորա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հիմնականում քննարկումը կծավալեն` օրենքի համապատասխանումը Սահմանադրության հետ, շրջանակներում։ Քննարկման մասնակից Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը բավականին քննադատական եւ կոնկրետ առաջարկներով հանդես եկավ. «Կառուցվածքային առումով օրենքի փոփոխությունները նման են գործող օրենքին, տարբերությունը ընթացակարգերի մեջ է, թե պետական մարմինները ինչպես են տեղեկատվություն տրամադրելու։ Ի դեպ, այս նախագիծն ավելի ժամանակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու»։ Նա սկսեց հոդված առ հոդված դիտողություններ անել` սկսած վերնագրից. «Այն կրկնում է նախկին օրենքը, եւ հաշվի չի առնվել այն, որ 2015թ. ՀՀ Սահմանադրությունը բարեփոխվել է, ու տեղեկատվության ազատության այս հիմնական իրավունքը ամրագրված է Սահմանադրության 51-րդ հոդվածում։ Այսինքն, օրենքի վերնագիրը` «Տեղեկատվության ազատության մասին» օրենք, չի արտահայտում այն առանձնահատկությունը, որ կա Սահմանադրությունում։ Ազատությունը պաշտպանիչ իրավունք է, որ պաշտպանում է պետության միջամտությունից, մինչդեռ օրենքում կա դրույթ, որ հակառակ իրավունքն է արտահայտում, այն է` պարտադրում է պետությունից տեղեկություն պահանջելու իրավունք։ Սա ծառայություններ ստանալու իրավունք է, այլ ոչ թե պաշտպանիչ իրավունք։ Առաջին իսկ հոդվածի առաջին մասում ես առաջարկում եմ անմիջապես հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին։ Այլապես, օրենքը պարզապես կոնկրետացնում է Սահմանադրության այդ հոդվածը։ Նաեւ` ուզում եմ քննադատել այդ հոդվածի ձեւակերպումը. ՀՀ-ում գիտեմ, որ ընդունված են օրենքների նման ձեւակերպումները, սակայն դա լավ չէ։ Օրինակ` առաջին հոդվածը տեղեկացնում է, այլ ոչ թե կարգավորում է»։