Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր քննիչները հավասար են, իսկ ՔԿ քննիչներն` ավելի հավասար» (տեսանյութ)

Քաղաքականություն
KF4UheBxThg

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվում է դատախազների, քննիչների կենսաթոշակի հարցը։ Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թե առաջին, թե 2-րդ ընթերցմամբ դեմ են քվեարկելու այս նախագծին. «Օրինակ` դատական համակարգում կոռուպցիան չի պակասել։ Առաջիկայում մեր խմբակցությունը վերանայելու է նման բարձր թոշակ նշանակելու իմաստը։ Ակադեմիկոսը այսօր 100 հազար դրամ հավելավճար է ստանում, մինչդեռ դատավորը` 800 հազար դրամ»: Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ ընդամենը մի լրացում է արվել, որը կարելի​ է վերնագրել` Хотели как лучше, получилось как всегда։ Պատկերացրեք դատախազությունում կա միայն երկու դատախազ, երկուսի 20 տարվա ստաժն էլ լրանում է 2017թ.։ Նրանցից մեկը 423 հազար, իսկ մյուսը` 227 հազար դրամ կենսաթոշակ է ստանալու, ո՞րն է նրանց տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ բարձր կենսաթոշակ ստացողը դատախազություն է եկել Քննչական կոմիտեից։ Ստացվում է` բոլոր քննիչները հավասար են, իսկ ՔԿ քննիչներն` ավելի հավասար։ Երբ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, այդ ժամանակ Դատախազությունն էր լավ վիճակում, հիմա էլ` ՔԿ-ն։ Մենք դեմք ենք քվեարկելու»։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում ընդգծեց` բովանդակային ու անձնական դաշտ են մտնում քննարկումները. «Ոչ մեկին արտոնություն չի տրվում, ընդամենը աշխատելու ժամանակն է երկարաձգվում։ Ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հանրապետության հրապարակից, եթե այս նախագիծը ուղղված է անհատական որեւէ քննիչի։ Կարգավիճակը երբեք չի փոխվել անձով պայմանավորված​, մանավանդ ոչ մեկը չի կարող ցույց տալ համակարգային տարբերությունները»։  ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին փորձեց պարզաբանել` որտեղից է գալիս այս խառնաշփոթը. «Գործընկերոջս դրդվածության պատճառը չեմ հասկանում։ Շատ ու քիչ կենսաթոշակ չկա, դուք պատգամավոր եք, դուք օրենսդրական փոփոխություններ արեք, դուք դրա համար եք»: Նախագիծը դրվեց քվեարկության, սակայն Ելք դաշինքը պահանջեց վերականգնել լուսատախտակի պատկերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ վերին շարքում երկու բացակա կա, սակայն կա լրիվ քվեարկություն. «7 հոգի է նստած, 8 հոգու փոխարեն է քվեարկած»: Ի դեպ, բացակա պատգամավորի աթոռը տեղակայված էր Նահապետ Գեւորգյանի եւ Արկադի Համբարձումյանի մեջտեղում։ Ստացվում է` նրանցից մեկնումեկն է քվեարկել։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` եթե դժգոհություններ ունեն, կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով։ Վերաքվեարկություն տեղի ունեցավ։ Նախագիծն անցավ 61 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։