Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվել է Հայաստանի ավերման գործընթացը (տեսանյութ)

Քաղաքականություն
bnapahpan

Հանքարդյունաբերությունն սկսել է Հայաստանի ավերման գործընթացն ու շարունակում այն մինչեւ հիմա. մտահոգվում է բնապահպան Մովսես Մանուկյանը: Նրա կարծիքով, եթե  նույն տեմպերով  շարունակվի, ապա մեր երկիրը կվերածվի Աֆրիկայի. «Այս ոլորտում այնքան կոռուպցիա կա, որ բոլոր գործողությունները ավերում  են  շրջակա միջավայրը: Ասվածի լավագույն ապացույցը  Ամուլսարի հանքավայրն է»: Բնապահպան Կարինե Դանիելյանը համաձայնեց իր գործընկերոջ հետ՝ նկատելով, որ հանքարդյունաբերությունից տուժել են հատկապես Լոռին և Սյունիքը: Մահացության ամենաբարձր մակարդակը, ըստ այդմ, գրանցվել է հենց Լոռու մարզում. «Մեր գետերն այնպես են տուժել, որ ուղղակի կորցնում ենք դրանք: Մեր ագահությունը սահման չունի, ինչն ամենացայտուն կերպով արտահայտվել է քաղաքաշինության մեջ: Մի խումբ մարդիկ փորձում են արագ հարստանալ՝ այդ ճանապարհին հաշվի չառնելով բնապահպանական ոչ մի խնդիր: Իսկ մոլորակն արդարացիորեն վանում է մարդկությանը»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք վարչապետի հանձնարարականը՝ սահմանել խիստ կաննոններ եւ տուգանքներ աղբը չնախատեսված վայրում թափելու համար, արդյունք կտա, բնապահպանները պատասխանեցին, որ կարեւոր է, թե ինչպես այն կյանքի կկոչվի: «Երբ ես քաղաքապետարանում էի աշխատում, մենք անգամ էկոլոգիական ոստիկանների  ինստիտուտ էինք մտցրել, բայց այն այդպես էլ չաշխատեց, այնպես որ լավ գաղափար է, բայց պետք է ի կատար ածել»,- նշեց Կարինե Դանիելյանը։