Հայտնի է «Սասնա ծռեր»-ի անջատված մասով նիստի օրը
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի երեքին: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ նիստը տեղի է ունենալու արտագնա կարգով՝ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Գործը մակագրված է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը : Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս: «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործը եւս քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Առաջին նիստը տեղի էր ունեցել Էրեբունի դատարանի փոքր դահլիճում, ինչից հետո նիստը որոշվել է արտագնա անցկացնել: