Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 ավագ դպրոցում աշխատում է 63 ոստիկանության տեսուչ

Հասարակություն
unnamed-21-2

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ոստիկանության համագործակցության շրջանակում 2010 թվականից ավագ դպրոցներում ներդրվել է ոստիկանության տեսուչների ինստիտուտը: Ներկայումս հանրապետության շուրջ 100 ավագ դպրոցներում աշխատում են 63 ոստիկանության տեսուչներ: Այսօր ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների  և ավագ դպրոցների մի խումբ տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ավագ դպրոցներում ոստիկանության տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը: Քննարկման ժամանակ հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանությանանչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա ներկայացրել է 2016-17 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատող տեսուչների իրականացրած աշխատանքների վիճակագրական տվյալները:  ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն իր խոսքում կարևորել է փոխադարձ վստահության ձևավորումը՝ ոստիկանության տեսուչների, մանկավարժների և աշակերտների միջև. «Ոստիկանի ներկայությունը դպրոցում նպաստում է ոստիկանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանը, որը շատ կարևոր է առողջ հասարակության ձևավորման համար: Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ հասարակության իրավագիտակցության բարձրացմանը միտված քայլերը սկսվեն դպրոցից, որտեղ ձևավորվում է քաղաքացին»,- նշել է Ա. Արշակյանը և հավելել, որ  ոստիկանի ինստիտուտի ներդրման առնչությամբ  դպրոցներից ստացվող արձագանքները դրական են, ինչը նշանակում է, որ համագործակցությունը տվել է դրական արդյունք:  Քննարկմանը մասնակից տնօրենները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկները: Նշենք նաև, որ  ՀՀ ԿԳՆ և ոստիկանության համատեղ ջանքերով հրատարակվել է գործառնական մեթոդական ձեռնարկ, որը երաշխավորվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից: