Միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը. Իվետա Տոնոյանի հարցը
ԱԺ արտահերթ նիստին այսօր, երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի` 2016թ. տարեկան հաշվետվությունը, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց. «Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին առանց աղմկահարույց բացահայտումների է եղել։ Սակայն թերթելով ձեր հաշվետվությունը` այնտեղ կարդացի, որ ավելի քան 217 մլն դրամ է ծախսել մի գերատեսչություն` 25 էջ թարգմանության համար։ Ես հասկանում եմ, որ միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը այդքան բարձր, սակայն որքանո՞վ է դա նորմալ ՎՊ տեսանկյունից»: ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանն ի պատասխան հայտարարեց. «Այս ամբիոնից ավելի լուրջ խնդիրներ ու երեւութական հարցեր պետք է բարձրացվեն»: ՎՊ հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։ Հաջորդ զեկուցողը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն էր, որը ներկայացրեց 2016թ. իր գործունեության հաշվետվությունը։