Ինչո՞ւ է Գեւորգ Սաֆարյանը տեղափոխվել պատժախուց
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանին ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանը խոստացել է ամեն դատական նիստից վերադառնալուց հետո զեկուցագիր գրել նրա դեմ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը: Հունիսի 30-ից Գեւորգ Սաֆարյանը 10 օրով տեղափոխվել է պատժախուց, քանի որ, ըստ պաշտպանի, դատարանում հարց է բարձրացրել՝ ինչու են ծեծել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ոստիկաններն էլ այդ մասին տեղեկացրել են իրենց վերադասին՝ Արմեն Ղազարյանին: Նա էլ զեկուցագիր է գրել, թե Գեւորգ Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին: Գեւորգ Սաֆարյանի համար, Տիգրան Հայրապետյանի խոսքերով, զարմանալին այն է եղել, որ ՔԿՀ ռեժիմի պետը մանրամասն լսել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իսկ հետո գրել է, թե Գեւորգը բացատրություն չի տվել: Այսօր 7-րդ օրը պատժախցում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամի տրամադրությունը բարձր է: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Նա անցնում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով՝ մեղադրվելով 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Այսօր էլ Գեւորգ Սաֆարյանին պատրաստվում է այցելել նրա պաշտպաններից Տիգրան Եգորյանը: