Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարածաշրջան, երկու միություն. Հայաստանն ու Վրաստանը՝ ճամփաբաժանի առաջ  

Հարցազրույց
unnamed60

Օրերս Երեւանում տեղի ունեցավ համաժողով՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական կապերի նոր տարբաժանումը եւ դիվերսիֆիկացիան» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին փորձագետներ, քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչներ Հայաստանից եւ Վրաստանից: Հանդիպման մասնակիցները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ թե ինչպես կարող են գիտական, տրանսպորտային եւ էներգետիկ դիվանագիտությունը գործածվել ի շահ պետությունների միջեւ համագործակցության խորացման եւ հակամարտության գոտիների ու հարակից շրջաններում լարվածության թուլացման ու տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: «Ա1+»-ի զրուցակիցը ծրագրի համակարգող Զաալ Անջափարիձեն է:     Պարոն Անջափարիձե, որքանո՞վ տնտեսական փոխգործակցության հարցերում բարդությունները կարող են ազդել երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական եւ այլ հարաբերությունների վրա:   Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասի տարածքում երկու տնտեսական միավորումներ հայտնվեցին՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի անդամակցությունից հետո, եւ Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ-DCFTA) մասին պայմանագիրը ստորագրելուց հետո (դա գրեթե միաժամանակ տեղի ունեցավ՝ 2014-15-ին), այդ ժամանակվանից ի վեր Հարավային Կովկասում սկսեցին զարգանալ այնպիսի գործընթացներ, որոնք թելադրված են երկու մրցակցող միավորումների կողմից: Այդ պատճառով, ես կխոսեի ոչ թե կոնֆլիկտի մասին, այլ այն խնդիրների եւ արգելքների, որոնք կարող են առաջանալ ապագայում, երբ Վրաստանն արդեն ամբողջովին կմիանա DCFTA-ի գոտուն՝ իր որոշակի տարիֆային սահմանափակումներով, եւ համապատանաբար, ԵԱՏՄ գոտում եւս որոշակի տարիֆային սահմանափակումներ կմտնեն: Ահա այստեղ որոշակի բախումներ կարող են առաջանալ: Մեր նախագծի խնդիրն է՝ բանավեճի դաշտ ստեղծել, Վրաստանի եւ Հայաստանի հասարակական սեկտորի եւ ԶԼՄ-ների միջեւ փոխըմբռնման դաշտ, որպեսզի նրանք սկսեն մտածել այն մասին, թե ինչ կարող է անել քաղաքացիական սեկտորը, ինչպիսի խորհրդատվություն կարող է տալ մարդկանց, որոնք երկու երկրներում մասնակցում են որոշումների կայացմանը, որպեսզի մշակվի առեւտրա-տնտեսական հարաբերություններում այնպիսի քաղաքականություն, որը նվազագույնին կհասցներ խնդիրների առաջացման հնարավորությունը: Որպեսզի դրանք հետագայում կոնֆլիկտների չվերափոխվեն: Որովհետեւ տնտեսական խնդիրները, եթե նրանք սկզբնական էտապում չեն լուծվում, կարող են էլ ավելի մեծ խնդիրների հանգեցնել եւ անգամ կարող են վերաճել հակամարտության, մանավանդ, եթե դրանում շահագրգռված են այլ խաաղացողներ: Հենց դրա համար էլ Նիդերլանդների ԱԳ նախարարության ֆինանսավորմամբ եւ GPPAC-ի (Զինված հակամարտությունների կանխարգելման գլոբալ գործընկերություն) հետ համագործակցությամբ,  ICCN-ը (Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոն) Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ միասին սկսեցին այս, ըստ էության, պիլոտային ծրագիրը: Նախկինում իմ նշած հարցերը որեւէ մեկը չի ուսումնասիրել՝ ոչ ՀԿ-ները, ոչ ԶԼՄ-ները՝ մենք, կարելի է ասել, այս առումով մենք առաջամարտիկներ ենք: Արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել Թբիլիսիում եւ Երեւանում, որոնց արդյունքում մենք բավական օգտակար նախագծեր ունենք, որոնք արտացոլված կլինեն վերլուծական փաստաթղթերում (Policy paper), որոնք մենք արդեն ծրագրի ավարտին կներկայացնենք Վրաստանի եւ Հայաստանի համապատասխան կառույցներին:   Այսինքն, ծրագրի վերջնական նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալու կամ ստեղծված վիճակը հանուն տնտեսական հարաբերությունների խորացման օգտագործելու ուղիների մասին պատկերացումները պետական կառույցներին հասցնե՞լն է:   Դա ծրագրի նպատակներից մեկն է, իսկ հիմնական նպատակը ոչ-կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հնարավորությունները մեծացնելն է, որպեսզի նրանք այս ոլորտում ինչ-ինչ փորձագիտական գիտելիքներ, տվյալներ ստանան եւ զարգացնեն միմյանց հետ համագործակցությունը: Ինչպես տեսնում ենք, այս հարցում վրաց եւ հայաստանցի մասնակիցների միջեւ համագործակցությունը  միանգամայն հաջող կերպով է զարգանում եւ մենք բավական օգտակար փորձ ենք ձեռք բերել, եւ ապագայում, հույս ունենք, այդ փորձը կբազմապատկվի:   Դուք խոսեցիք այն իրադրությունների մասին, երբ տնտեսական խնդիրները կարող են քաղաքական խնդիրների, անգամ հակամարտության հասցնել: Մյուս կողմից, մենք հաճախ բախվում ենք այնպիսի իրադրությունների հետ, երբ արդեն վաղեմի քաղաքական խնդիրների պատճառով խոչընդոտներ են առաջանում տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Օրինակ, Ադրբեջանը՝ Վրաստանի կարեւոր առեւտրային գործընկերը, այսպես ասենք, շահագրգռված չէ հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, կամ, ասենք՝ Ռուսաստանը կարող է փորձել խոչընդոտել Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ առեւտրային կապերի խորացմանը: Որքանո՞վ է հնարավոր բացառել, կամ գոնե՝ նվազագույնին հասցնել երրորդ կողմերի ազդեցությունը երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:   Ցավոք, աշխարհում քաղաքականությունն ու տնտեսությունը գնալով ավելի փոխկապակցված են դառնում եւ հաճախ հատվում են մեկը մյուսի հետ: Այդպիսի կոնյուկտուրա է, որը, իհարկե, անցանկալի է, բայց այն կա: Դրանից ոչ մի տեղ չես փախչի եւ այս իրողության հետ պետք է հաշտվել: Մենք դա շատ օրինակներում ենք տեսնում, բայց այստեղ կարեւորն այն է, որ բոլոր կողմերը՝ ե՛ւ գլոբալ, ե՛ւ տարածաշրջանային խաղացողները, ե՛ւ անմիջապես տնտեսական հարաբերությունների մեջ ներքաշված կողմերը գիտակցեն, որ չի կարելի տնտեսությունը զոհաբերել հանուն քաղաքական շահերի եւ ձգտումների: Դա միշտ հղի է շատ մեծ բարդություններով: Հենց քաղհասարակության եւ փորձագիտական հանրության խնդիրն այն է, որ նրանք կարողանան համոզել այդ հիմնական խաղացողներին, որպեսզի նրանք չհատեն «կարմիր գծերն» այս հարցում: