Շրջանավարտներն սկսել են արհեստը գերադասել բուհի դիպլոմից (տեսանյութ)
Այս տարի միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է ընդունվել 7343, իսկ արհեստագործական ուսումնական հաստատություն՝ 3777 ուսանող: ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքերով՝ վերջին տարիների հետ համեմատած՝ շրջանավարտների մեծ ակտիվություն է նկատվում դեպի այս օղակ: Նա չի կարծում, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 12- ամյա կրթությունը պարտադիր է դարձել: «Շատ- շատերը, հասկացել են, որ ավարտելուց հետո ավելի լավ է ստանալ մասնագետի եւ արհեստավորի որակավորում, ցանկություն չունեն հետագայում ԲՈՒՀ-ում իրենց կրթությունը շարունակելու, մտնում են ՄԿՈՒ ուսումնական հաստատություն, ստանում են իրենց գիտելիքները եւ հմտությունները եւ մտնում են աշխատաշուկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Աղբալյանը: Իսկ ըստ ԿԳՆ պաշտոնյայի, հեղինակավոր մասնագիտություններ են շարունակում մնալ հաշվապահական հաշվառումը, աուդիտը, շուկայաբանությունը, մենեջմենթը, բանկային գործը, ապահովագրական գործը, որոնց աշխատանքի տեղավորման ցուցանիշը բավականին ցածր է: «Մենք գնում ենք այն ճանապարհով, որ մասնագիտությունները համապատասխանեցվեն շուկայական պահանջներին, և դա արվի ըստ մարզերի զարգացման առանձնահատկությունների: Ասենք Վայոց Ձորը հայտնի է գինեգործության, տուրիզմի գծով, Սյունիքը` հանքարդյունաբերության, եւ այդ առանձնահատկություններից ելնելով էլ մասնագետներ պատրաստվեն»,- ավելացրեց Արտակ Աղբալյանը: Ըստ բանախոսի՝ ՄԿՈւ հաստատություններն ավարտած ուսանողների շրջանում աշխատանքի տեղավորման միջին ցուցանիշը 45-65% է, սակայն կան մասնագիտություններ` օրինակ, սպասարկման ոլորտում, որտեղ աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90%-ի: