Նոյեմբերյանի զորամասի շենքերը կվերածվեն արևային էլեկտրակայանի և տրակտորային պարկի
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց N 39 հասցեում գտնվող` 1659.28 քառ. մետր մակերեսով, 1090000 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանով ծանրաբեռնված` 1.589 հեկտար մակերեսով ու 1982934 դրամ կադաստրային արժեքով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, և նա էլ պետք է Նոյեմբերյանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման եւ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց N 39 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի նախկին նորոգման վաշտի շենքներն ու շինություններն այլևս նպատակային նշանակությամբ չեն օգտագործվում, միաժամանակ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Նոյեմբերյան համայնքի ղեկավարն առաջարկել է նշված շենքերը և շինությունները նվիրաբերել համայնքին՝ մեքենատրակտորային պարկ ստեղծելու, ինչպես նաև դրա տարածքում արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Համաձայն Նոյեմբերյանի համայնքապետի 26.06.2017թ. թիվ Ե-01/353 գրության՝ վերը նշված գործընթացն իրականացվելու է ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի համար հաստատված ծրագրով (ընդհանուր արժեքը՝ 542.700 հազ. դրամ): Քանի որ նշված շենք-շինությունների և դրանցով զբաղեցված տարածքի հետագա օգտագործումը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գտնվել է ոչ նպատակահարմար, որոշման նախագծով նախատեսվում է շենք-շինությունների և դրանցով զբաղեցված տարածքը հանրօգուտ նպատակով նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին: