Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի կարելի ասել, որ մենք ապրելու ենք եվրոպական Հայաստանում»

Քաղաքականություն
Vigen-Hakobyan

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել են, որ սա թեև այն չէր ինչին մենք սպասում էինք, սակայն համաձայնագրի ստորագրումը կանխատեսելի էր։ «Այն նախադրյալները, որոնք կային, և այն գործընթացները, որոնք գնում էին համաձայնագրի շուրջ, թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։ Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, որով շարժվելու է Հայաստանի Հանրապետությունը իր մնացած համագործակցության առումով ԵՄ-ի հետ։ Բնականաբար երկկողմ տնտեսական համագործակցություն է լինելու։ Համաձայնագրում նշված է, որ ԵՄ-ն համաձայնագրի հիման վրա աջակցելու է մանր և միջին բիզնեսի զարգացմանը։ Շատ է խոսվում, որ ԵՄ-ն չի կարող անվտանգության երաշխավոր լինել ղարաբաղյան հարցում, այնուամենայնիվ ընդհանուր հռչակագրում և համաձայնագրում ֆիքսված են այն հիմնական միջազգային նորմերը, որոնցով ընթանում են բանակցությունները։ Մասնավորապես՝ հստակ նշված է, որ ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մինսկի խմբի շրջանակներ վրա»,- ասաց Անժելա Խաչատրյանը։ Այնուամենայնիվ, կուսակցության փոխնախագահը չի վստահեցնում, որ սրանից հետո մենք ապրելու ենք եվրոպական Հայաստանում։ Նրա խոսքերով՝ քայլերը մեզանից պետք է լինեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ունենան բավարար կամք, որպեսզի իրավամբ իրականացնեն այն, ինչ կա գրված համաձայնագրում։  Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, որը և հայաստանյան կողմը, և ԵՄ-ն ադապտացրել են այն իրողությանը, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և ունի կոնկրետ պարտավորություններ։ «Այն հիմնականում հաղորդագրություն է պարունակում Հայաստանի կողմից, որ վերջինս առաջնորդվելու է եվրոպական արժեհամակարգերով։ Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր փաստաթուղթ էր, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Ինչքան էլ ասում ենք, որ Ռուսաստանը կողմ է, ամեն դեպքում չեմ կարծում, որ Ռուսաստանը հիացած է այս որոշմամբ»,- նշեց քաղտեխնոլոգը։