Քաղաքացին հանդիպի՞ պաշտոնյային, թե՞ հեռակա շփվի. նոր նախագիծ ԱԺ-ում
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ անձը իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի իրականացմանը նպաստելու համար հանրագիր չի ներկայացնելու: Կարող է ներկայացնել հանրային նշանակություն ունեցող հարցերով կամ պետական և ՏԻՄ պաշտոնատար անձանց գործունեության մասին հաղորդում, կամ ՏԻՄ գործունեության բարելավման, տեսական, քաղաքական, սոցիալական, հասարակական և կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ: Ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների մասին» ՀՀ օրենքը: Քննարկված նախագծում հանված է բանավոր հանրագիր (դիմում) ներկայացնելու մասին դրույթը, քաղաքացին պաշտոնատար անձանց հետ պետք է շփվի միայն գրավոր: «Ցանկացած հարց, որը հանրային նշանակություն կունենա, կարող է դառնալ հանրագրի բովանդակություն: Եթե քաղաքացին դիմելու է X մարմնին, եթե հարցը նրան է վերաբերում, պատասխանում է, եթե ոչ` վերադարձնում է՝ ասելով՝ ինձ չի վերաբերում: Կարող է ասել՝ հարցը վերաբերում է Y մարմնին, այսինքն՝ գերատեսչությունները համատեղ պատասխան ներկայացնելու կարիք չունեն: Բանավոր հանրագիրը հանել ենք, լինելու է գրավոր փաստաթուղթ, անձանց ընդունելությունը այս օրենքով չի կարգավորվում, այլ՝ ուրիշ իրավական ակտերով, և քաղաքացիները կարող են իրենց հանրագրերը ներկայացնել ընդունելությունների ժամանակ»,- պարզաբանեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ քաղաքացու ընդունելությունը խնդիր է դառնում: Հնարավոր է այլ իրավական ակտերում գտնել դրույթներ, որոնք քաղաքացիների ընդունելությունների մասին են, բայց՝ «Չի կարելի թողնել ենթաօրենսդրական ակտերի մակարդակի, և ասել, որ պաշտոնյայի վրա պարտավորություն է դրված, որ ընդունելություն անցկացնեն: Հարց է ծագում՝ քաղաքացու ընդունելություն անցկացնելո՞ւ եք, թե՞ ոչ, որ էդ մարդը իմանա, գալու՞ են լսեն, թե՞ չէ: Էս իրավական ակտում, թե այլ տեղ՝ բերեք պարտականություն՝ քաղաքացու ընդունելություն լինելու է»: Այսպիսով՝ Արփինե Հովհաննիսյանը պարտադիր է համարում պաշտոնյայի ու քաղաքացու հանդիպումը, ինչը պետք է ամրագրվի օրենքում։