Նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն այսօր տեւեց մոտ կես ժամ։ Այս ընթացքում խորհրդարանը քննարկեց միայն «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է սահմանի վրա արտահանողներին ԱԱՀ վերադարձնելն ուշացնելու դեպքում 90-օրյա ժամկետը սահմանել 30 օր. «Այսպիսով` նվազեցնում ենք այն բեռը, որ նախատեսված է արտահանողների համար»: Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ այս նախագծով խրախուսվում է արտահանումը եւ ապահովվում է միջոցների արագ հետվերադարձը. «Օրենքը դրական է։ Մենք կողմ ենք»: ՀՀԿ պատգամավոր Սեդրակ Սարոյանը հերթագրվել էր ելույթի համար, սակայն հետո հրաժարվեց։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մի խումբ պատգամավորներ այս պահին գործուղման են, սակայն տեղեկանք են ներկայացրել, թե ինչպես են քվեարկելու։ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ այս նախագծի նպատակը մեկն է` հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք. «Ֆինանսների նախարարը երեկ ինչի մասին ասես, որ չխոսեց, մնում էր` օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց ըստ էության չխոսեց։ Օրինակ` այն մասին, որ եկող տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա պետական պարտքը կազմելու է 220000 դրամ։ Այս նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի ու ցույց է տալու Կառավարության անկարողությունը` լուծելու սոցիալական խնդիրները»։ Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ ձայներով։ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էր քվեարկել մեկ պատգամավոր, որի աթոռը թափուր էր։ Բացակա այդ պատգամավորը, որի փոխարեն քվեարկել էին, Մելիք Մանուկյանն էր։ «Հարկային ծառայության մասին» օրենքը երկու անգամ քվեարկվեց։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սկսեցին բողոքել, որ տեխնիկական խնդիր է առաջացել ու պետք է կրկնաքվեարկություն։ Բանն այն է, որ խմբակցության պատգամավորներից մի քանիսը կողմ էին քվեարկել։ Արա Բաբլոյանը կոչ արեց վերականգնել պատկերը. «Եթե որեւիցե մեկը դեմ է, կավելացնենք։ Կվերաքվեարկենք, սակայն չեմ ուզում, որ նման մոտեցում ձեւավորենք։ Աշխատեք` ժամանակին քվեարկել։ Սա կլինի առաջին ու վերջին անգամը»: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ավելացրեց նաեւ, որ տեխնիկական խնդրի պատճառով են խնդրում նորից քվեարկել. «Բանն այն է, որ ԱԺ քարտուղարությունը հենց այս լուսատախտակն է կցելու արձանագրությանը»: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտարարեց, որ Ելքը կողմ է քվեարկելու այս նախագծին, թեեւ դեմ են արտաբյուջետային միջոցներին. «Այս նախագիծը մենք ընկալում ենք որպես միջանկյալ լուծում, դրա համար կողմ ենք քվեարկելու»: Նախագիծը ընդունվեց 70 կողմ, 28 դեմ ձայներով։ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ Ելք խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արտակ Զեյնալյանը հետաքրքրեցին` արդյոք այն պատգամավորները, որոնք բացակա են, սակայն տեղեկանք են ներկայացրել իրենց քվեարկության մսին, գիտեն` ինչի համար են քվեարկում. «Օրինակ` այն, որ այս փաթեթից 15 նախագիծ հանվել է, իրենք տեղյա՞կ են»,- հետաքրքրվեց Արտակ Զեյնալյանը։ Զարգացնելով թեման` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին ավելացրեց. «Տեսականորեն հնարավո՞ր է, որ պատգամավորները միշտ տեղեկանք ներկայացնեն իրենց քվեարկության մասին ու միշտ նիստերից բացակայեն»: Արա Բաբլոյանը նշեց, որ այդ դեպքում քվորում չի լինի ու քվեարկություն էլ չի անցկացվի։ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս նախագծին։ Արա Բաբլոյանը հայտարարեց քվեարկություն, սակայն պարզվեց, որ սխալ նախագծի անուն է ընթերցում. «Բայց ո՞ր նախագիծն էր, ես դեռ չեմ հայտարարել, ոնց եք դիրքորոշում հայտնում... թե՞... Արդեն մոռացա»: Դահլիճում սկսեցին ծիծաղել։ Ի վերջո, «Հարկային օրենսգրքում» փոփոխություններն ընդունվեցին 61 կողմ, 35 դեմ ձայներով։ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների քվեարկությունից առաջ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց` քանի որ այս նախագիծը տնտեսվարողների համար թեթեւացնելու է եւ դյուրինացնելու է շահութահարկի հաշվարկը, այդ պատճառով իրենք կողմ են քվեարկելու։ Այս նախագիծն ընդունվեց 70 կողմ, 27 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ, 12 դեմ, 8 ձեռնպահ ձայներով։ «Ծառուկյան» խմբակցությունը կրկին քվեարկեց։ «Բաժնետիրական ընկերության մասին» օրենքում փոփոխությունները, ինչպես նաև` եւս 3 նախագիծ միաձայն կողմ քվեարկվեց։ Նիստի վերջում Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրակարգում կա եւս 4 նախագիծ, որոնք պետք է քննարկվեն 2-րդ ընթերցմամբ, բայց քանի որ այդ նախագծերը պետք է անցնել գլխադասային հանձնաժողովների քննարկումը, այդ պատճառով այս հարցերի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա վաղը: