Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատավարության օրենսգիրք». ԵԼՔ-ը՝ դեմ, «Ծառուկյանը» ազատ քվեարկեցին

Քաղաքականություն
yelq-elk-nikol

ԱԺ-ն այսօր նիստի սկզբում քվեարկության դրեց եւ անցկացրեց երեկ քննարկված նախագծերը: «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների 2-րդ ընթերցմամբ, քվեարկությունից առաջ վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ում ընթացող վերջին գործընթացները, մասնավորապես օրենքի նախագծերի քվեարկությունները, իրեն հիշեցնում են բրիտանացի մի գրողի՝ Ջորջո Ռուելի՝ «1984թ.» վեպը. «Այստեղ տոտալ վերահսկողություն էր քաղաքացիների կյանքի նկատմամբ:Այս օրենքը միանշանակ պետք է դիտարկել այս համատեքստում: Մենք դեմ ենք քվեարկելու»: Այս նախագծով առաջարկվում է հանրային տարբեր վայրերում տեղադրել տեսախցիկներ: Այն անցավ 61 կողմ, 37 դեմ ձայներով: «Դատական օրենսգիրքը» սահմանադրական օրենքը 2-րդ ընթերցմամբ եւս քվեարկվեց ու ըդնունվեց: Այս օրենքը բուռն քննարկման առիթ դարձավ, քանի որ ներառում էր փաստաբանների նկատմամբ դատական մինչեւ 100 հազար դրամ տուգանք: ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը վերջին իր նիստում այս դրույթը տեղափոխել է «Դատավարության օրենսգիրք»: Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենց թիմակիցների շրջանում տարբեր կարծիքներ են հնչում այս օրինագծի վերաբերյալ. «Բայց, քանի որ ընդհանուր առմամբ օրինագիծը դրական ենք համարում, այդ պատճառով մեր խմբակցությունը կքվեարկի ազատ»: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, քանի որ այս օրինագծով ապահովված չէ դատավորների ներքին ազատությունը. «Դատավորն իր գործունեության համար պատասխանատվության ենթարկվել չի կարող ու դրա համար դատական ակտը օրինականության տեսանկյունից քննարկման առիթ դառնա, եթե Եվրադատարանն արձանագրել է Կոնվենցիայի խախտում: Հետեւաբար, պատասխանատվության են ենթարկվելու բոլոր ատյանների դատավորները, ինչպես նաեւ՝ Արդարադատության նախարարը, Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչը: Սրանով ես հերքում եմ այն ներկայացված փաստարկները»: Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարությանն իր հերթին հայտարարեց, որ «Դատական օերնսգրքի»՝ կայքում տեղադրված տարբերակում փաստաբանների նկատմամբ մինչեւ 100 հազար դրամ տուգանքը հանված չէ. «Կան նաեւ լավ, դրական կողմեր այս օրենսգրքում, սակայն հանձնաժողովում ես մեկ տասնյակից ավելի առաջարկություններ եմ ներկայացրել, որոնք մերժվել են: Այսինքն, սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության հետ քննարկման, ու սրանք ապագայում լուրջ խնդիր են առաջացնելու»: ԱԺ նախագահը, դիմելով քարտուղարությանը, կոչ արեց անդրադառնալ Էդմոն Մարուքյանի դիտողությանը՝ կայքի հետ կապված անճշտություններն ուղղել: Նախագիծն անցավ 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայներով: