«Օրակարգում չկա դրված խնդիր, որ աղքատությունը վերանա» (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կոռուպցիայի համար մեղադրում է Հայաստանի քաղաքացուն: «Եթե ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը զանգվածաբար բաժանվում է եւ քաղաքացին 5000 դրամով պատրաստ է ընտրելու, այդ ընտրողը վաղը, եթե դառնա քաղաքացիական ծառայող, կաշառք չի վերցնելո՞ւ»: Պետք է սկսել կոռուպցիայի դեմ պայքարից: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համեմատականներ է տանում հարեւան Վրաստանի հետ: «2012-ին կոռուցիայի 34 միավոր ցուցանիշ ենք ունեցել, 2017-ին՝ 35 միավոր, նույն տեղում ենք դոփում: Իսկ կոռուպցիայի համաշխարհային միջին ցուցանիշը 43 միավորից ցածր է եղել: Վրաստանում 2012-ին 52 միավոր էր, իսկ 2017-ին՝ 56 միավոր»: Խոսրով Հարությունյանն արձագանքում է. «Վրացիներն իրենց երկիրն ավելի շատ են սիրում, քան հայերը: Հո միայն վրացի ղեկավարներով դա պայմանավորված չէր, այլ ժողովուրդն էր պատրաստ դրան: Մենք օրինապաշտ ենք այնքան, քանի դեռ հարցը մեզ չի վերաբերվել, հենց մեզ է վերաբերվում՝ մենք ճիշտ ենք, օրենքն է սխալ»: Մեր տնտեսության խնդիրը մենաշնորհները չեն, այլ կարտելային համաձայնությունները, որ պայմանավորվում են՝ ինչ գնով ապրանքը վաճառեն, համոզված է Խոսրով Հարությունյանը: «Եթե մենք ունենք կարտելային համաձայնությունների հնարավորություններ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա գին չի ձեւավորվում: Սպառողի համար ի՞նչ տարբերություն պետությունն է գինը սահմանում, թե՞ 4-5 հոգով հավաքվում ենք ու որոշում»: Վահագն Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունների օրակարգում չկա խնդիր, որ աղքատությունը վերանա կամ քաղաքացին լինի ազատ: Եթե ցանկություն լինի, ապա մի քանի տարվա ընթացքում հարցը կլուծվի: «Հայաստանում քաղաքական որոշում չկա քաղաքացիները վիճակը բարելավելու հարցում: Մեզ մոտ խոցելի խմբերը դառնում են աղքատ խավ, իսկ հարուստները մնում են հարուստ»: Տնտեսական աճը եւս չի ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա: Այն ապահովվում է ընդամենը մի քանի սուբյեկտի կողմից: Հայաստանի գրանցված աշխատողների ընդհանուր թիվը 615 հազար է, իսկ գյուղատնտեսությունում զբաղվածները 403 հազար են, ասում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «615 հազարից 440 հազարը ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Եթե ընտանիքում մեկ հոգի է աշխատողը, գումարը բաժանենք 30 օրվա, ապա պարզ է, որ մարդիկ չեն կարողանա ապրեն: Դրա համար էլ թողնում են գնում»: Հայաստանում բիզնես մշակույթի ձեւավորման հետ կապված հարցերը քննարկվում էին «Տնտեսություն և գործարարություն» ակումբի հերթական նիստում։ Նախաձեռնությունը Հայաստանի գործատուների հանրապետական միությանն էր։