ԱԺ-ում մենք իշխանություն ենք, կառավարությունում՝ ընդդիմադիր. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցներկն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` փոփոխել ԸՕ-ն, նշեց, որ գործող օրենսգիրքը տարբեր քննարկումներ է անցել ու եկել են կոնսենսուսի` ընդունելով այն. «Իսկ արդեն ընտրություններին միջազգային կառույցների վերաբերմունքը դրական է եղել` մեկ-երկու դիտողություններով։ Մենք դեռ չենք տեսել նոր նախաձեռնությունը, սակայն մենք պատրաստ ենք քննարկել»: Ինչ վերաբերում է աշնանը նախատեսվող արտահերթ ընտրություններին, ապա նա նշեց, որ պետք է առաջնորդվել Սահմանադրությամբ. «Կլինի փաստաթուղթ,կլինի քննարկում։ Մենք հիմա ընդամենը պատրաստվում ենք 2022թ. ԱԺ ընտրություններին։ Այսօրվա իրողություններում մենք արտահերթ ընտրությունների պահանջ չենք տեսնում։ Մենք պետք է օժանդակենք Կառավարությանը, այն ծրագրերին, որոնք միտված կլինեն մեր երկրի զարգացմանը, ու որեւէ այլ ճանապարհ մենք չգիտենք»: Գործադիր եւ օրենսդիր մարմիններում մեծամասնության դիսբալանսի հետ կապված Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դրա համար պետք է համբերեին մինչեւ 2022թ.։ ԱԺ-ն կարողանում է իր բնականոն աշխատանքն անել` առանց խոչընդոտելու Կառավարության աշխատանքին։ Մենք չենք մեղավոր այս իրավիճակի համար։ Ես գիտեմ, որ ԱԺ-ում մենք ենք իշխանություն, իսկ Կառավարությունում` ընդդիմադիր` ելնելով մեր թվաքանակից»: Ինչ վերաբերում է նոր ԳՇՊ Արտակ Դավթյանի նշանակմանը, որի հետ կապված, մասնավորապես, Արթուր Աղաբեկյանը բավականին կոշտ գնահատական է տվել, ապա նա նշեց, որ մասնագիտական առումով որեւէ գնահատական չի կարող տալ. «Սակայն առանձին կարծիքները չպետք է վերագրել հասարակության կարծիքին։ ԳՇՊ-ն մեր երկրի անվտանգության ամենակարեւոր պաշտոններից մեկն է։ Հաշվի առնելով` Արթուր Աղաբեկյանի պրոֆեսիոնալիզմը, ապա պետք է ուշադիր լսել նրա կարծքիները»: Ինչ վերաբերում է ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների հայտարարություններին, թե քաղաքական հետապնդումների են ենթարկվում, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Դա առանձին գործիչների կարծիքն է, քաղաքական ուժի հետ դրանք մի ասոցացրեք։ Կարող է` Կառավարությունը մի քայլ է անում, որ ինչ-որ մեկի սրտով կարող է լինել, մյուսի` ոչ։ Եթե իրավապահ մարմինները հիմնավորեն, ապա խնդիր չկա, իսկ եթե այլ բան լինի, մենք մեր կարծիքը կասենք։ Ես միկրոսկոպով հետեւում եմ զարգացումներին»: Նա նաեւ անդրադարձավ մամուլում հաճախակի հանդիպող հեղափոխական, հակահեղափոխական, սաբոտաժ արտահայտություններին` նշելով. «Պաշտոնապես հայտարարում եմ` ՀՀԿ-ն գաղափարական քաղաքական ուժ է, բոլշեւիկյան նման տերմինալոգիան խնդրում եմ մեզ հետ չկապել»: Իսկ Կառավարության ծրագրի հետ կապված նա ասաց, որ հունիսի 1-ին այն կգա ԱԺ, շատ ուշադիր կնայեն ու կտան իրենց գնահատականը»։