Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայանիստի գործով հետախուզման մեջ գտնվողը դեռ չի հայտնաբերվել (տեսանյութ)

Քաղաքականություն
hayanist

 Ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող Ս․ Կարապետյանը դեռ չի հայտնաբերվել։    ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել  մեծածավալ քննչական գործողություններ՝  դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Դրանից հետո, ձեռք բերված ապացույցների հիման վրա կտրվի    համարժեք գնահատական։ Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել,  որ «աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի  60-ամյա բնակիչ։ Հրազենային վնասվածքը նա  ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը ծագել էր, երբ քաղաքացիներին թույլ չեն տվել գնալ բողոքի ակցիայի։  Ըստ մամուլի հրապարակումների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել  քաղաքապետի այլ մտերիմներ։   Միջադեպի գործով խուզարկություն է կատարվել նաեւ քաղաքապետի տանը։    Իսկ Գոռ Համբարձումյանը, ըստ տեղեկությունների, Հայաստանում չէ, գտնվում է Ֆրանսիայում։ Գոռ Համբարձումյանի  անունը կապվում է նաեւ Հերացու փողոցում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հետ։ Ի դեպ, «Ա1+»-ի  ձեռքի տակ կա տեսանյութ՝  նկարահանված Հայանիստի միջադեպի ժամանակ ։  Ներկաներից մեկը շատ նման էր  Մասիսի քաղաքապետին։  Ըստ ականատեսների՝ իրոք, նա էր։  Այսինքն՝ չի բացառվում, որ  նրա մտերիմները,որոնք կասկածվում են ցուցարարներին ծեծելու մեջ,  այդ օրը առաջնորդվել են  նաեւ  նրա հրահանգով։