Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ): Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ «Սագաս» ՍՊ ընկերության ղեկավարության արդեն հոկտեմբերի 31-ին տված հայտարարության՝ ձվի արկղերի և տուփերի համար նախատեսված հայերեն մակնշումն ապահովվել է (հայերեն մակնշման օրինակը տրամադրվել է): Բանավոր տեղեկացվել է նաև, որ ամբողջ խմբաքանակն արդեն իրացվել է և պահեստում առկա չէ: ՍԱՏՄ տեսուչները, ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակում, հնարավորություն չեն ունեցել հավաստիանալու, որ հայերեն մակնշումը արկղերի և տուփերի վրա առկա է: Իսկ թե ո՞ր կազմակերպությունները կամ ովքե՞ր են 1,5-2 օրվա ընթացքում գնել գրեթե 20 տոննա ձվի խմբաքանակը, ներմուծող ընկերության ղեկավարությունը հրաժարվել է տեղեկացնել: Այսպիսով, հնարավոր է, որ սննդային ձվի սույն խմբաքանակը հայտնվի իրացման ցանցում առանց հայերեն մակնշման, ուստի քաղաքացիներին կոչ ենք անում նկարում նշված ապրանքանիշով ձու հայտնաբերելու դեպքում պահանջել և հավաստիանալ, որ դրա հայերեն մակնշումն առկա է: Հայերեն մակնշումը ներկայացնելուց հրաժարվելու կամ դրա բացակայության դեպքում հորդորում ենք տեղեկացնել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» (010) 206040 և (012) 906090 հեռախոսահամարներով: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ ներմուծված ձվի խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի տեսուչի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար վերջինիս կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման ժամանակ կատարած գործողությունների օրինաչափությունը: http://snund.am/%D5%AB%D6%80%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB/ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն