Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիլվա Կապուտիկյանը գիտեր...

Մշակույթ

Բարձրանում ես 4-րդ հարկ, զանգը տալիս, ներս մտնելիս վերարկուդ կախում միջանցքում ու մինչ նախասենյակ անցնելը աչքդ գցում այն հայելուն, որը մեջ տարիներ շարունակ երեւացել է մեծանուն գրողի պատկերը: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը այս տարվա հուվարից բացեց իր դռները այցելունեի առջեւ իրերի ճիշտ նույն դասավորվածությամբ, ինչ եղել է 2006-ի օգոստոսին, երբ գրողը իր կտակում ամփոփեց վերջին ցանկությունն ու հեռացավ կյանքից:

՚Հարգելի խմբագիր, երկու ամիս առաջ, չկարողանալով դիմադրել մշակույթի փոխնախարար իմ լավ բարեկամ Կարինե Խոդիկյանի առաջարկին, համաձայնեցի դառնալ ընդունող հանձնաժողովի անդամ...ՙ,- աշխատասենյակում գրասեղանին դրված տրցակով թղթերի վրա, գրողի անավարտ ձեռագրում ամփոփված են այս տողերը, կողքին` գրիչն ու ակնոցը: Ոչինչ չի փոխվել: Սեղանին` միրգն ու կոնյակը, ճիշտ նույն դասավորվածությամբ, ինչ եղել է գրողի կենդանության օրոք:

՚Սիլվան ամենաշատը սիրում էր ընկույզը հացով ուտել ու պիտի միայն ընտիր ընկույզ լիներ: Նեղանում էր, որ փողը տնտեսելու նպատակով իր ուզածը չէի առնումՙ,-պատմում է տիկին Ռաֆլետա Հաջյանը` Սիլվա Կապուտիկյանի մորաքրոջ աղջիկը, որը գրողի կենդանության վերջին տարիների մշտական ուղեկիցն էր: Այսօր նա տուն-թանգարանի տնօրենն է եւ մյուս 6 աշխատակիցների հետ հոգ է տանում ՚Սիլվայի տանՙ գույքին ու բոլոր այցելուներին պատմում հայ մեծանուն գրողի մասին:

՚Հյուրեր շատ էին գալիս, շատ անգամ էլ գալիս փող էին ուզում Սիլվայից: Կռվում էինք, ասում էի, Սիլվա, փոխանակ մեզ օգնեն, դու ես ուրիշներին օգնու՞մ, չէ որ մենակ քո թոշակն է մեր եկամուտը,-պատմում է տիկին Ռաֆլետան ու ավելացնում,-Սիլվան անգամ իր թաղման ծախսերն էր մի կողմ դրել, այդպես էլ ոչ մեկից ոչինչ չվերցրեց, ոչ պետական մրցանակ, ոչ փողՙ: Ու շրջելով 5 սենյակներում, մոտենալով ամեն մի պահարանի, ամեն մի իրի, նա մի նոր պատմություն է հիշում ու ամեն անգամ հուզվում:

Հյուրասենյակում, որտեղ Կապուտիկյանի որդու` քանդակագործ Արա Շիրազի գործերն են պատին ու բոլոր հնարավոր պահարաններում հսկայական քանակությամբ գրքեր, թանգարանի աշխատակիցները ամեն առավոտ խնամքով սրբում են փոշին ու ոչինչ չեն շարժում: Գրողը իր կտակում պատվիրել է նույն կերպ թողնել ամեն ինչ:

Իսկ պահարաններից մեկում հուշանվերների կողքին անվանական կոնյակն է, որը գրողը որոշել էր բացել իր ծննդյան 90 -ամյակին: Կոնյակը բացվեց առանց Սիլվայի: Հիմա պատշգամբում, ուր նա սիրում էր ժամերով նստել, մեծ ցուցասրահ է, որտեղ դրված են նրա բոլոր պատվոգրերն ու անդամատոմսերը, խնամքով պահված նվերներ` Սեւակի նվիրած զարդատուփից մինչեւ դպրոցականների նկարած թղթեր ու բացիկներ: ՚Սիլվան ամեն ինչ պահել է, ինքը գիտեր...ՙ,-շշնջում է տիկին Ռաֆլետան ու ձեռքով ուղղում շրջված իրը: