Կքվեարկեն թուրքական ֆիլմի օգտին
Աջակցիր «Ա1+»-ին
«Այսօր մեր երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն կա թուրքական ֆիլմերի նկատմամբ: Կինոդիտումներ արդեն եղել են Հայաստանի մի շարք բուհերում, բնակավայրերում, որոնք հանդիսատեսի կողմից հավանության են արժանացել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը:
«Մոսկվա» կինոթատրոնում ընթանում է թուրքական ֆիլմերի ցուցադրությունը:
Ի դեպ, Կենտրոնի նախաձեռնած «23,5» խորագրով փառատոնը պետք է կայանար 2008 թվականի հունվարին' «Ադրբեջանի օրեր Հայաստանում» աղմուկ բարձրացրած ծրագրից հետո: Վանյանի հավաստմամբ' այն կասեցվեց ՀՀ իշխանությունների կողմից: «Անցյալ տարի փառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայից ՀՀ ժամանող հյուրերին մուտքի վիզա չէին տրամադրում, եւ նրանք հնարավորություն չունեին օդանավակայանից դուրս գալ: Ստիպված եղա գործարքի գնալ իշխանությունների հետ, որի արդյունքում փառատոնը չկայացավ, իսկ հյուրերը հնարավորություն ստացան օդանավակայանից դուրս գալ»,- հավելեց մեր զրուցակիցը: Վանյանը չբացառեց նաեւ, որ իշխանությունների կողմից այս տարի փառատոնին չխոչընդոտելը ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով Թուրքիայի հետ ստեղծված հարաբերությունների արդյունք է: Բայց այս անգամ Թուրքիայից հյուրերի այց չէր նախատեսված:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են տարբեր ժանրերի 7 ֆիլմեր: Նպատակը հայ հասարակությանը իրազեկել հարեւան երկրի մշակույթը, ապրելակերպը եւ այլն:
«Ուրախ եմ, որ Հայաստանում հնարավորություն ունեմ դիտելու թուրքական արտադրության ֆիլմեր: Հուսով եմ, որ երկու երկրների միջեւ մշակույթի ոլորտում համագործակցությունը շարունակական կլինի եւ կզարգանա», - ասում էր -20 ամյա ուսանողուհի Լիլիթ Սարիբեկյանը:
Հավելենք, որ փառատոնի մուտքն ազատ է: Ի դեպ, փառատոնի միակ անվանակարգի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակակիրը որոշվելու է կինոդիտողի քվեարկությամբ: