"Եկան, իշխեցին, թալանեցին, ոչնչացրին"
Աջակցիր «Ա1+»-ին"Մենք այսօր ապրում ենք մի ժամանակ, երբ ազգը չունի իր մտավորականությունը, երբ ազգը չունի իր էլիտան, որը ոչ միայն հասարակությանն էր դաստիարակում, այլեւ իշխանությունների վրա իր ազդեցությունն ուներ, ակնածանք կար իշխանության կողմից այդ շերտի նկատմամբ:
Այսօր չկա",-"Ա1+"-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ըստ նրա, չի ստեղծվում էլիտա, չկա հասարակության մեջ այն շերտը, որն ասի' չի կարելի այսքան անճաշակ, այսքան անիմաստ ու այսքան անհեռանկար գործերով զբաղվել:
"Մենք իջել ենք, իջել ենք... կորցրել ենք հարգանքը մեկս մյուսի նկատմամբ, կորցրել ենք հարգանքը կիրթ մարդու նկատմամբ, կիրթ լինելը արդեն առավելություն չի, գիտելիք ունենալը առավելություն չի: Հիմա չգիտեմ, թե ինչով ենք ապրում: Համենայն դեպս' չենք ապրում մեր հաղթանակներով: Այսօր ո՞վ է ակնածանքով հարգում զոհվածների հիշատակը, եղածների, ապրողների ավանդը. ոչ ոք: Մեր շախմատիստները դարձան օլիմպիական չեմպիոն, ազգը չհրճվեց, ազգն այլեւս չի ուրախանում, պետք չի նրան հաղթանակներ, ազգը դարձել է մի փոր հացի գերի, կյանքը կտա մի փոր հացի համար, մարդ կսպանի",-մեզ հետ իր մտորումները կիսեց Սոս Սարգսյանը:
Իսկ ինչո՞ւ դարձանք այդպիսին' հարցին նա պատասխանեց. "Դա ուրիշ խոսակցություն է. ամեն ինչ գալիս է վերեւից: Ինչպես ասում են' ձուկը գլխից է հոտում: Եկան մարդիկ, մեզ ղեկավարեցին, որոնք չպիտի գային, որոնք իրավունք չունեին ղեկավարելու, որոնք իրավունք չունեին իշխելու, եկան, իշխեցին, թալանեցին, ոչնչացրին: Ես ցավ չունեմ, որ մեր նյութական արժեքները կորցրեցինք, գործարան փակվեց. Իմ ցավն այն է, որ մարդը փչացավ: Փչացրին":
Իսկ մարդուն փչացնելը Սոս Սարգսյանի կարծիքով շատ հեշտ բան է, նրա կյանքը իմաստից զրկելը առավել եւս. "Զարմանում են, թե ինչու թատրոն չկա, մարդիկ թատրոն չեն գալիս, ցուցահանդես չեն գնում: Ինչո՞ւ գնան, ո՞վ գնա, եթե մեր այսպես ասած "բուրժուազիան" 98 տոկոսով չարչիներ են, սովորական չարչիներ, որոնք բացի "գջլելուց" ուրիշ խնդիր չունեն, խնդիր չունեն հարեւանի կյանքը մի քիչ թեթեւացնեն, քաղաքը մի քիչ գեղեցկացնեն, խնդիր չունեն մեկին դաստիարակել, դա բուրժուազիա չի, դա չարչիություն է ամենաիսկական:
Եվ դա իջել է մինչեւ ներքեւ.ապրիլի 24-ին, այդ սուրբ օրը փոխանակ ծաղիկն էժանացնեն' թանկացնում են: Աշխարհում մի շարք ապրանքների գներ իջնում են, մեզ մոտ թանկանում, զարմանալու բան է, որովհետեւ այդ չարչիները խնդիր ունեն քեզ մաշկել մինչեւ վերջ: Անկախ նրանից դու հայ ես, թե ինչ ես. Այսինքն, վարվում են քեզ հետ թուրքից, քրդից վատ: Սոս Սարգսյանն ուղղակի զարզրանքով է հիշեցնում դպրոցականներին քաղաքականացնելու փորձերը. "Այսօր դպրոցականներին դուրս են բերում, քաղաքական ինչ-որ միջոցառումների են մասնակից դարձնում: Նրանք արդեն վաղվա քաղաքացի չեն, նրանք վաղը մեծանալու են, դառնալու են սովորական տականք, հասարակության դեն գցած բան, որովհետեւ մարդը այդ տարիքում է կորցնում պետականության զգացողությունը, անկախ նրանից, թե ով է երկիրը ղեկավարում: Այդ երեխան վաղն ամեն ինչի ընդունակ կլինի, եւ մարդ կծեծի, եւ մարդ կսպանի, եւ իշխանության կձգտի ամեն գնով միայն իր անձնական շահի համար":
Մինչեւ ուր է իջնելու ընդհանուր ճաշակը
Սոս Սարգսյանը ամենավտանգավորը համարում է ճաշակի անկումը. "Ես լարված հետեւում եմ, թե մեր ընդհանուր ճաշակը ինչքան է իջնելու, մինչեւ ուր է իջնելու, այնքան տաղանդավոր մարդիկ կան, գրողներ, նկարիչներ, դերասաններ, բայց ընդհանուր մթնոլորտը չի մղում մարդկանց դեպի պատասխանատվություն եւ բարձր լինելու պահանջ: Չի կարելի անցյալը անտեսել լրիվ, նոր բան սկսել' մանավանդ արվեստում, որովհետեւ այդ դեպքում ոչինչ չես ստեղծի, մի փուչ բան կստեղծես, ամեն ինչ պետք է հենվի անցյալի արժեքների վրա",-ասաց ժողովրդական արտիստն ու պատմեց, որ օրերս Համո Սահյանի ծննդյան օրն էին նշում, ու ինքը մտածում էր, թե հանճարեղ բանաստեղծ էր Սահյանը, ի՞նչ եղավ նրա պոեզիան, այսօր որեւէ մեկը հենվո՞ւմ է նրա ստեղծածի վրա, որեւէ մեկը մի բան սովորո՞ւմ է:
"Մենք ժամանակ չենք ունեցել մեր պատմության ընթացքում միասին լինել եւ միասին մի բան ստեղծել. Այնտեղ, որտեղ կարողացել են միասին լինել, մի բան եղել է, այսինքն, երբ Պոլիսում ստեղծվեց հայ գաղութ, ձեւավորվեց մտավորականությունը' ծնվեց Երվանդ Օտյան, Պարոնյան, Զոհրապ եւ այլն, եւ այլն, շատ մեծ մարդիկ: Երբ Թիֆլիսում ստեղծվեց հայ մշակույթ, հայ հասարակություն, հայ սփյուռք' ծնվեցին Սունդուկյան, շատերը, վերջին հաշվով Հովհաննես Թումանյանը: Մենք Սովետի ժամանակ արդեն ստեղծում էինք այդ մտավորականությունը, այդ էլիտան, որը թելադրում էր, ազդեցություն ուներ, հասարակություն էր ձեւավորում: Միանգամից կորցրեցինք եւ դարձանք գավառացի: Հայ ժողովուրդը անընդհատ ծնում է տաղանդավոր մարդկանց, բայց այդ տաղանդավոր մարդը համապատասխան մթնոլորտում պիտի լինի, համապատասխան հողի վրա պիտի աճի":
Սոս Սարգսյանը կարծում է, որ էժան բանը, անճաշակ բանը վարակիչ է. "վարակիչ է, որովհետեւ հարկ չկա խորհելու, մտածելու, այնպիսի արվեստի գործ չկա, որ մտածես, ազդվես. հաճույքի համար են անում ամեն ինչ: Հիմա մեր հեռուստատեսության ամենասոսկալի, ամենակործանարար բանն այն է, որ ամեն ինչ արվում է միայն վայելքի համար, միայն վայելես, ծիծաղես, պարես, երգես. "Դլե յամանի", "Ձախորդ օրերի" կամ "Որսկան ախպեր"-ի նման երգեր չեն երգում, սոսկալի բան է":
Կինոարտադրության մասին խոսելիս Սոս Սարգսյանն ընդամենը մի բան նկատեց. Նախկինում կինոն արվում էր մարդու համար. " Հենրիկ Մալյանն իր կինոն նկարում էր ժողովրդի համար, հայ ժողովրդի համար, Փարաջանովը երբ նկարում էր "Նռան գույնը"'հայ ժողովրդի համար էր նկարում. Հիմա նկարում են արտասահմանյան փառատոնների համար, եւ շատ հնարավոր է, որ արտասահմանում մրցանակներ են ստանում եւ իրենց շատ լավ են զգում, բայց ես միայն մի բան կարող եմ ասել. 20 տարվա մեջ ինձ մի ֆիլմ ցույց տվեք, որից մի նախադասություն մեր ժողովուրդը հիշում է: Մինչդեռ այն ֆիլմերը, որտեղ նկարվել է Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը եւ ես, ժողովուրդը մինչեւ հիմա անգիր հիշում է: Հասարակ բան եմ ասում, Խորենի միտքն է. թող մի ֆիլմ նկարեն, որ "Մենք ենք, մեր սարերի" նման ժողովուրդն անգիր իմանա":