Վիգեն Քոչարյանը սեղանի լավ ընկեր է. Գևորգ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում քննարկվում է «Իմ Քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է հավանություն տալ Վիգեն Քոչարյանի թեկնածությանը, քանի որ,ըստ նրա, նա ոչ միայն լավ գիտնական է, այլև շատ պարկեշտ ու հայրենասեր անձնավորություն:
«Նա բազմաթիվ առիթներ է ունեցել՝ հայրենիքը լքելու, սակայն հրաժարվել է այդ գայթակղիչ առաջարկներից»:
Նրա խոսքով՝ Վիգեն Քոչարյանը որպես գիտնական արժևորվել է նաև նախկին իշխանությունների կողմից, սակայն քաղաքական պաշտոն չի զբաղեցրել և ստիպված չի եղել մասնակից լինել քաղաքական մանիպուլյացիներին:
«Այն օրը այս ամբիոնից մեր վստահությունը հայցող մի հայցորդ, չգիտեմ՝ ինչ շարժառիթներից ելնելով, ամոթալի է համարում խորովածի սեղաններին մասնակից լինելը: Տո, Վիգեն Քոչարյանը լավ էլ խորովածի է մասանակցում, այսինքն՝ լավ էլ սեղանի ընկեր է: Իրա միակ թերությունն այն է, որ բանտում չի ծանոթացել ինչ-որ մարդկանց հետ և բանտային հիշողություններով չի ղեկավարվում»:
Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ժպիտով ասաց. «Բայց Վիգեն Քոչարյանը ոնց որ մեր թեկնածուն է, եկել եք, իր շահե՞րն եք պաշտպանում»: Ինչին Գևորգ Պետրոսյանը արձագանքեց՝ «Նա արդեն բոլորիս թեկնածուն է»: