Խայտառակ պրոցես է եղել՝ կապված հողատարածքների, ապօրինի շինությունների հետ․ Հայկ Մարության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե կա ապօրինի կրպակ, ապա այն պետք է ապամոնտաժվի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մետրոյի Բարեկամություն կայարան տանող աստիճանավանդակների կրպակի ապամոնտաժմանը։
Նշենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին։
Քաղաքապետի համոզմամբ՝ կրպակի ապամոնտաժումը քաղաքացիներին գոհացրել է։
«Վերջապես մետրոյի մուտքը ծառայում է որպես մետրոյի մուտք և կողքը՝ սայլակների համար նախատեսված տեղը, վերականգնվում է, մարդիկ կարող են սայլակներով իջնել մետրո»,- ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետից հետաքրքվեցին՝ իսկ Երևանում ապօրինի սեփականաշնորհված տարածքների վերաբերյալ նոր բացահայտումներ կա՞ն։ Հայկ Մարությանն ասաց՝ եթե սկսի թվարկել, երկար կտևի։
«Բայց այն, որ խայտառակ պրոցես է եղել՝ կապված հողատարածքների, ապօրինի շինությունների հետ, սա փաստ է։ 90% դեպքերում սեփականատերերը հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են եղել»,-ընդգծեց քաղաքապետը։
Խայտառակ գործարքներ կատարողների մեջ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը կա՞, հետաքրքվեց լրագրողը։ Հայկ Մարությանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց․
«Հենց մենք տեսնում ենք մի խնդիր, այդ գործերը հավաքվում և ուղարկվում են դատախազություն, գնահատականները կտան իրավապահ մարմինները»։
Հարցին, թե Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում այդպիսի գործարքներ եղե՞լ են, քաղաքապետը արձագանքեց․
«Բոլորի օրոք կան այդիպիսի գործեր»։