Բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ պահպանողականը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տնտեսական տրամադրությունները շարունակում են լավը լինել: Այս մասին Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«2019 թ. բյուջեի հիմքում դրված էր 4.9 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Այսօր, եթե մենք դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսների մեր ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումը շատ ավելի մեծ է: Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ պահպանողականը, սակայն ձգտում ենք ավելիին»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նույն միտումները նկատվում են նաև ընթացիկ տարում: Ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով` նշվում է 7. 1 տնտեսական ակտիվության ցուցանիշ:
«Այս տարվա 10 ամսվա տվյալներով` ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7 տոկոս, շինարարության 4.4 տոկոս, առևտրի շրջանառության 8.8, ծառայությունների 15.5 տոկոս աճ: Ունենք նաև միջին աշխատավարձի աճ 5.9 տոկոսի չափով: Արտահանման ծավալը ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով աճել է 7.9 տոկոս: Ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով, մինչև 3 տոկոս կրճատում կար, սակայն այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք»,- ներկայացրեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով այլ ոլորտների ցուցանիշներ, արձանագրեց, որ խնդիրներ կան գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: Ըստ վարչապետի՝ այս տարվա 10 ամսվա տվյալներով` գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 95.2 տոկոս, այսինքն՝ 4.8 տոկոս նվազում է գրանցվել:
«Այստեղ մի նրբության մասին կուզեի խոսել: Գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել: Ներկրված սպիրտը, երբ փորձում էին «տեղավորել», ցույց են տվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ, հիմա այդ մեխանիզմները փակված են: Բայց ես ուզում եմ ասել, որ լավ լուր ունենք գյուղատնտեսության ոլորտի հետ կապված, ըստ էության, 10 ամսվա նախնական օպերատիվ տվյալներով` ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտավորապես 15 տոկոս աճ, կենդանական ծագման արտադրանքի 3.3 տոկոս»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: