Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133077
A A
Քաղաքականություն

Նաիրի Հունանյանը մեր տանը երբեք չի եղել, այդ ամենը հնարված է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ի դեպքերը ես չեմ քննարկելու, Հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ սկսել քննարկումներ անել հենց այն խաղն է, ինչի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին՝ ուղղված իրեն։

«Հոկտեմբերի 27-ը հիմա օգտագործվում է՝ որպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, որ դրա հետևանքով սկսում են վերացնել և ոչնչացնել քաղաքական գործիչներին։ Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության՝ Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, խոսեր Նաիրի Հունանյանի հետ և դուրս գար ու նման հայտարարություններ աներ։ Եթե իշխանությունը Հոկտեմբերի 27-ի հետ կապված հարցեր ունի, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն գործը, բոլորս անհամբեր կսպասենք դրա ավարտին։ Եթե ինձ ասելու բան ունեն, թող ինձ կանչեն, աչքերիս մեջ նայեն ու խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակությանը»,- ընդգծեց նա։

Նաիրի Հունանյանի հետ Վազգեն Մանուկյանն առնչվել է 1988թ․-ին, իսկ հետագայում Հունանյանը ցանկություն է հայտնել անդամակցել ԱԺՄ-ին, բայց նրան չեն ընդունել։

«Ինչ-ինչ պատճառներով մենք իրեն չենք ընդունել ԱԺՄ կուսակցություն։ Ես Նաիրի Հունանյանի հետ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել, նա մեր տանը երբեք չի եղել։ Այդ ամեն ինչը հնարված է, և դրա հետևում քաղաքական նպատակներ կան թաքնված․․․Այստեղ Արման Բաբաջանյանի հարցը չէ, սա քաղաքական պատվեր է»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը: Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին, որպեսզի ՀԽ նախագահն պաշտոնանկ արվի։

«Ես արդեն հայտարարել եմ, որ ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել իր մոտ և ասի, որ մենք իրար հետ չենք կարողանում աշխատել, նույն պահին ես դուրս կգամ։ Բայց քանի որ նման հարց է առաջացել, կարող է ինքս նախաձեռնել վարչապետի հետ հանդիպում և քննարկել, թե հետագա գործունեությունը իմաստ ունի՞, թե՞ ոչ»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։