Կոտրել են լուսացույցները
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհային երթեւեկության կանոնները հաճախ են խախտվում Գյումրու կենտրոնական փողոցներում՝ լուսացույցների անսարքության պատճառով: Դրանցից մի քանիսն ընդհանրապես չեն աշխատում եւ հատվող փողոցներում վարորդները պետք է խիստ ուշադիր լինեն` պահն օգտագործելու եւ առաջ անցնելու համար, կամ ասպետական մեծահոգությամբ՝ միմյանց ճանապարհ զիջելով: Իսկ այս պարագայում դժվարանում է հատկապես անցորդների վիճակը, ովքեր ստիպված են ուշադրությամբ հետեւել երթեւեկությանը՝ բոլոր կողմերից:
Կենտրոնական որոշ փողոցներում էլ, ինչպես օրինակ Գարեգին Նժդեհ պողոտայում կամ Սայաթ - Նովա փողոցում լուսացույցների կարմիր ազդանշանը չի աշխատում: Այստեղ վարորդներն ու անցորդները պետք է փողոցն անցնեն՝ հիշելով լուսացույցի նախորդ հրահանգը: Իսկ քաղաքի երթեւեկությանն անծանոթ վարորդները հայտնվում են դժվար կացության մեջ, հաճախ են ստեղծվում նաեւ վթարավտանգ իրավիճակները:
Խնդրի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ լուսացույցները կոտրում են մեր համաքաղաքացիները, բազմաթիվ լուսացույցներ են նորացվել, սակայն մի քանի օր անց դարձյալ կոտրվել են: Դրանց, ինչպես նաեւ չաշխատող լուսացույցների վերականգնման համար առաջիկա օրերին ֆինանսավորում է լինելու, եւ քաղաքի երթեւեկությունը շուտով կկանոնակարգվի:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ