Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ֆեյիքս Ցոլակյան
A A
Քաղաքականություն

«Լավ աշխատողը կստանա շատ»․ ԱԻՆ-ում պարգևավճարներ կտրվեն բալային համակարգով (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփեց նախարարության կատարած աշխատանքները:

Նա տեղեկացրեց, որ նախարարության ծախսերն  այս տարի ավելացել են նախորդ տարվա համեմատ, դա կապված է պարգևատրման ֆոնդի ավելացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ։

«Մեզ մոտ կապիտալ շինարարության հետ կապված նախորդ տարի բավականին աշխատանք էր կատարվել, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը վերնորոգվել  և արդիականացվել է ամբողջությամբ։ 34 հրշեջ-փրկակարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, դրա համար հատկացվել է 1մլրդ 174 մլն դրամ»։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից ընդհանուր հաշվով տրամադրվել է 42  տեխնիկա, որոնց գերակշիռ մասը տրամադրվել է երեք մարզերին Լոռու, Շիրակի և Սյունիքի։

Բարեգործական ծրագրերով, նաև գնումների միջոցով նախարաությունը ձեռք է բերել ձեռքով հրդեհաշիջման գործիքներ:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ընթացքի մեջ է օպտիմալացման գործընթացը։ Արդյունքում ՊՈԱԿ-ներն այլևս չեն գործելու: 

«Աշխատել ենք այնպես անել, որ կրճատումներ չլինեն, հաստիքների կրճատումներ չեն լինելու, լինելու են պաշտոնների կրճատումներ, փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջապես աշխատանքի և հանրության հետ անմիջական շփման մեջ են»:

Մանրամասնելով օպտիմալացման գործընթացը՝ նախարարը նշեց:

«Երևան քաղաքում մենք ունենք բաժիններ, որոնք սպասարկում էին մեկ երկու համայնք, մենք այդ բաժինները փակեցինք, որի արդյունքում ավելացրինք փրկարական ջոկատներում տեղակալի հաստիքներ, ստեղծեցինք մեկ բաժին՝ քաղաքի վարչություն, որը պետք է անմիջական ղեկավարի հրդեհաշիջման աշխատանքները»:

Նախարարը նաև ընդգծեց, որ կատարվել են մի շարք դպրոցների և մանկապարտեզների սեյսմիկ ռիսկերի գնահատման եզրակացություններ:

2019 թվականին 10 237 հրդեհ է եղել, 2018 թվականին՝ 6500։ Նախորդ  տարի, պարոն Ցոլակյանի խոսքով, եղան մեծ հրդեհներ, փրկարարները պատվով դուրս եկան այդ իրավիճակից։

«Նախորդ տարի մենք ունեցանք մեկ զոհ, մեկ վիրավոր»:

Նախարարը տեղեկացրեց, որ խրախուսման համակարգի համար մշակում են բալային համակարգ, որպեսզի լավ աշխատողը ստանա շատ, վատ աշխատողը՝ քիչ կամ չստանա։

«Աշխատողը անպայման իր պարգևը կստանա»,-հավելեց նախարարը:

Նա շեշտեց,որ նախարարության տեխնիկական պահանջները չեն բավարարում այն խնդիրներին, որ դրվել են իրենց առաջ:

Նշեց նաև, որ կառավարության հետ պայմանավորվածություն կա նոր տեխնիկայով համալրվելու:

Մեկ-երկու անգամ պարգևավճար չստացող մարդը նախարարությունում անելիք չի ունենալու,-նշեց Ցոլակյանը և հավելեց․

«Շատերը մտածում են, որ եթե կառավարությունը տվել է պարգևատրման ֆոնդ, այդ ֆոնդը պետք է հավասար բաժանվի աշխատակիցների մեջ, այդպես չի, դա տրվել է, որպեսզի մենք կարողանք տարանջատել աշխատողին չաշխատողից»։

Մյուս ամիս արդեն գործի կդրվի բալային համակարգը։

Ինչ վերաբերում է հրդեհներին, նախարարն ասաց՝ դրանք կանխատեսել հնարավոր չէ, նաև տեղեկացրեց, որ այս պահին ԱԻՆ աշխատակիցները  հրդեհ են հանգցնում Տավուշի մարզում:

«Պատճառն ինչն է. մեկն ինձ պատմում էր՝ ես խոտը վառում եմ, չի վառվում, որովհետեւ խոնավությունը շատ է, բայց դա ցածր աճած խոտի մասին է, բարձր աճածը վառվում է: Իսկ այնտեղ, որտեղ չի հնձվել խոտը, անասունները չեն արածել, այդ տեղերում բարձր է խոտը, այրվում է ու տանում անտառ»: