Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանագետներ
A A
Քաղաքականություն

«Ուռճացված թվեր և ընտրախախտումներ»․ փորձագետները՝ Ադրբեջանի ընտրությունների մասին (տեսանյութ)

Երեկ Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նախնական տվյալների համաձայն՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը կրկին հաջողվել է մեծամասնության քվեները ստանալ։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ նախնական տվյալներով` «Նոր Ադրբեջանը» հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն, խորհրդարանի 125 տեղից 69-ը։ «40-41 տեղ իբր անկախ պատգամավորները զբաղեցրին։ Նախորդ խորհրդարանի համեմատ առանձնապես մեծ տարբերություն չկա։ Նախկինում 74 տեղ ուներ «Նոր Ադրբեջանը», 39 տեղ՝ անկախները։ Անկախների մեջ գրեթե բոլորը, առանց բացառության, բոլորը մարդիկ են, որոնք ներկայացնում են իշխանության տեսակետները»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարական կազմակերպության ղեկավար Թուրալ Գանջալիևի մասնակցությանն ընտրություններին՝ Հովհաննիսյանն ասաց, որ այդ կազմակերպության ղեկավարն առաջադրվել էր կեղծ վիրտուալ ընտրատարածքներից Խանքենդիից (Ստեփանակերտի անվան ադրբեջանական տարբերակը), որը ամենափոքր «ընտրատարածքն» է մարդկանց թվով։ 

«Գոյություն չունի, տարբեր տեղերում ապրում են, մարդկանց գրանցում են իբր Խանքենդիից փախստականներ և նրանք քվեարկում են, 5 հազար ընտրող կա գրանցված»,- շարունակեց Հովհաննիսյանը։ ՀԿ-ի ղեկավարը, փորձագետի խոսքերով, հավաքել է 1596 ձայն ուռճացված թվերի և ընտրախախտումների միջոցով։ 

Վերլուծական կենտրոնի փորձագետ Մարիամ Ղուկասյանն ասաց, որ երեկվա ընտրությունների ժամանակ տարբեր ընտրատարածքներում փակվել են տեսախցիկները, սահմանափակվել դրանց աշխատանքը։ 

«Մարդիկ բողոքում էին նաև նրանից, որ գնում էին ընտրության սակայն ընտրացուցակների մեջ չէին գտնում իրենց անունները, հետո պարզվում էր, որ ինչ-որ մեկն ընտրել է իրենց տեղը կամ գրանցված են տվյալ ընտրատարածքում, սակայն չէին գտնում անունները»,- նշեց նա։

Ղուկասյանի խոսքերով՝ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ են կիրառվել, ինչպես նաև գործողություններն են սահմանափակվել։

Մանրամասները` տեսանյութերում: