Բացել լրահոսը Փակել լրահոսը
0372.jpg_wh860
A A
Տնտեսություն

Մի մեծ բիզնես-ոլորտ կանգնած է սնանկացման եզրին․ կառավարությունը չի աջակցում

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտն ամբողջությամբ դուրս է մնացել  աջակցությունից:

Բրենդային խանութներից մեկի սեփականատերը   «Ա1+»-ի հետ զրույցում  ասաց, թե բազմաթիվ խնդիրներով հանդերձ իրենք կառավարության որևէ ծրագրի շահառու չեն հանդիսանում։

Նա  հարց է բարձրացնում, թե ինչու պետք է տուժած ոլորտներ համարվեն հյուրանոցները, վարսավիրանոցները, սպորտային սրահներն ու օգտվեն կառավարության աջակցության  ծրագրից, իրենք` ոչ:

 Այն դեպքում երբ բոլորի նման իրենք նույնպես ունեն վարձավճարներ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու խնդիր:

«Ավելին, ի տարբերություն այդ ոլորտների, մենք ապրանքային վնաս ունենք: Ստացել ենք գարուն-ամառ հավաքածուն և չենք կարողացել վաճառել, անգամ արկղերից չենք հանել: Ապրանքը ստացել ենք մարտ ամսին, գումար եմ գտել, մաքսազերծել եմ, որ պետք է վաճառեմ և սպասարկեմ օտարերկրյա իմ գործընկերների հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, բաց փակվել ենք: Ավելին, պետք է վճարենք հաջորդ սեզոնի պատվերի համար, որի 30 տոկոս կանխավճարը անցած աշնանն ենք տվել, բայց գումար չկա, որովհետև ստացածը չենք վաճառել, մնացել է մեր վրա: Եվ չգիտենք` կվաճառվի, թե ոչ»,- ասում է գործարարը:

Մեր զրուցակիցը և նույն ոլորտի բազմաթիվ այլ գործարարներ դիմել են տնտեսական աջակցության կենտրոն, որ դառնան կառավարության 3-րդ ծրագրի շահառու` ստանան վարկեր, որոնք առաջին 2 տարիներին տրվում են զրո տոկոսով, երկու տարի անց`12 տոկոսով: Բայց պատասխան են ստացել, որ ունեն ոլորտի անհամապատասխանություն: Այդ ծրագրում բազմաթիվ ոլորտներ են ընդգրկվել, բայց հագուստի մանրածախ ոլորտը, որը մեծ ծավալներ ունի ու ամենաշուտն է դադարեցրել աշխատանքը, չի ներառվել:

Մոտ 20 օր առաջ բողոք են գրել, և դեռ պատասխան չեն ստացել: Զանգահարել են բոլոր թեժ հեռախոսահամարներով, ընդամենը պատասխանել են, թե հարցը դեռ քննվում է: Մեր զրուցակիցը հիմա չգիտի, թե էլ ում կարող է դիմել, որ իրենց նույնպես ընդգրկեն որևէ ծրագրում և մատչելի պայմաններով վարկային միջոցներ տան:

«Կամ այսքանից հետո թող բացատրեն, մենք էլ հասկանանք, թե այդ ինչպես է, որ այդքան խնդիրներով, ապրանքային մեծ վնասով հանդերձ մենք տուժած ոլորտ չենք»,- եզրափակում է գործարարը:

Հիշեցնենք, որ խոշոր առևտրային կենտրոնները` մոլերը, փակվեցին ամենաառաջինը, երբ դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել: Իսկ մինչ այդ մի քանի շաբաթ այդ ոլորտում աշխատանքը գրեթե կանգնած էր, վաճառքը խիստ նվազել էր, քանի որ համաճարակի պատճառով մարդիկ խուսափում էին փակ տարածքներ այցելելուց: Հագուստի խանութների կազմակերպիչները կամ սեփականատերերը համոզված են, որ պարետատունն իրենց աշխատանքը կթույլատրի ամենավերջում: Ամեն դեպքում առաջիկա տասնօրյակում բացվող ոլորտների մեջ ընդգրրկված չեն: