Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպե՞ս է վերահսկվելու հանրաքվեի գործընթացը. մանրամասնում է Մուկուչյանը (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթանում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հանձնաժողովը քննարկում է ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց՝ թե ինչպես է 2018-2019 թվականների ընթացքում ԿԸՀ-ն կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները և ընդհանուր 170 հայանքներում ՏԻՄ ընտրությունները:

Մուկուչյանի խոսքով՝ օրինակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո դատարանում վիճարկումներ չեն եղել, տեղամասերից մեկում  եղել է ընդամենը մեկ հատուկ կարծիք, արձանագրված մյուս խախտումները ևս քիչ են եղել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց ուղղեց ՀՀ-ում չգտնվող, բայց ցուցակներում առկա անձանց մասին: Հետաքրքրվեց՝ խնդիրը կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ի՞նչ լուծումներ կան:

ԿԸՀ նախագահն արձագանքեց, որ այսօրվա գործող մոդելով ընտրողների ցուցակում ընդգրկվում են բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի ,18 տարին լրացած է և ՀՀ-ում հաշվառում ունեն:

«Որպեսզի ընտրողների ցուցակում որոշակի խումբ քաղաքացիներ չներառվեն, այստեղ արդեն նոր մոտեցումների անհրաժեշտություն է առաջանում, օրինակ՝ ցուցակը կազմվի այլ սկզբունքով, ոչ թե հաշվառման սկզբունքով»:

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների վերահսկողությանը, Մուկուչյանը վստահեցրեց, որ դրանց ստորագրումը մաքսիմալ թափանցիկ է և դրանք մշտապես հրապարակվում են, յուրաքանչյուրը կարող է ստուգել:

Պատգամավորը հավելեց, որ 100  տոկոսով բացառել հնարավոր չէ այն տարբերակը, որ օրինակ՝ անձը արտերկրում կարող  է մահացած լինել, բայց իր անունը մեր երկրի ընտրական ցուցակում ընդգրկված լինի:

Մուկուչյանն ասաց, որ այս տարբերակում լուծում հնարավոր է, բայց պետք է  ամբողջական քննարկում իրականացվի, որպեսզի չբերի այլ անձանց իրավունքների սահմանափակմանը:

Արդեն անցկացված ընտրություններից զատ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցադրմանն ի պատասխան, Մուկուչյանն անդրադարձավ նաև սպասվող հանրաքվեին, որը հետաձգվել էր կորնավիրուսի պատճառով: Պատագամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե լուրեր կան, որ հանրաքվեի ընթացքում բոլոր տեղամասերում չէ, որ հնարավոր կլինի ապահովել տեսանկարահանում, կա՞ արդյոք այդ խնդիրը:

Մուկուչյանը նշեց, որ 2000 տեղամասերից 1500-ում մինչ այս կարողացել են ապահովել տեսանկարահանում, այսինքն՝ այդ ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրողների 90 տոկոսից ավելին:

«Այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում կառավարության կողմից հատկացվեց առանձին միջոցներ տեսախցիկներ տեղադրելու համար: Մենք սկսել էինք 1500 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու աշխատանքները: «Այո» և «Ոչ» կողմերին տրվելու էր հնարավորություն ընտրատեղամասի ամբողջ տարածքը տեսնելու»:

Աշխատանքները դադարեցվել են արտակարգ իրավիճակով պայմանավորված, -հայտնեց նա:

«Մոտ 1000-1200 տեղամասերում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները»:

Այս անգամ ևս այն տեղամասերում, որտեղ քվեարկելու են ընտրողների 90 տոկոսից ավելին, ապահովվելու են տեսանկարահանումներ: Ըստ Մուկուչյանի՝ կան հեռավոր բնակավայրեր, որտեղ տեխնիկական պատճառներով անհնար է այդ տեսախցիկների տեղադրումը:

Մուկուչյանը նաև հավելեց, որ քննարկվում են լուծումներ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու կարգի վերաբերյալ: Պատրաստի լուծումներ դեռևս չկան, -նշեց նա: