Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ փոփոխություններ են սպասվում ոստիկանական համակարգում (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկումը:  ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցադրմանն ի պատասխան հայտնեց՝ Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է, իսկ հանրապետությունում ամբողջական ներդրման համար ժամկետ է սահմանված 2022-ի առաջին եռամսյակը։ Թե ինչո՞ւ են սկսել հենց Երևանից, փոխնախարարը պարզաբանեց.

«Եթե մենք որևէ փոքր մարզում անենք պիլոտ, նախ մարզի տվյալները նույն խնդիրները չեն գեներացնելու, ինչը կգեներացնենք Երևանում, և մենք փորձել ենք փաստերին զուգահեռ  լինել հավակնոտ։ Ինչո՞ւ Երևանը։ Որովհետև մեծապես կարևոր է, թե երկիրը առաջին փուլով, մեկ կրթական ցիկլով մաքսիմում քանի պարեկային ծառայող կարող է պատրաստել՝ նաև չունենալով կրթության որակի որոշակի կոմպրոմիս»,- նշեց փոխնախարարը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը  նշեց, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքը սահմանվել է մինչև 35 տարեկանը՝ նախկին 30-ի փոխարեն, հանվել է նաև կրթական ցենզը, այսինքն՝ պարեկային ոստիկան դառնալու համար կարող է դիմել միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ: Պատգամավորը կոչ արեց երիտասարդներին փորձել իրենց ուժերը պարեկային ոստիկանությունում:

Ըդդիմադիր ԼՀԿ խմաբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, մինչդեռ, կարևորեց ոստիկանի պատրաստման կրթական բազայի փոփոխությունը: Ընդգծեց, որ որակական փոփոխություններ են պետք համակարգում, քանի որ հանրությանը չի հետաքրքրում ծառայության անվանման փոփոխությունը: 

Պատգամավորը հատուկ ընդգծեց, որ հանրությանը պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը պնդեց՝ համավարակը ցույց տվեց, որ ամենամեծ ռեֆորմի կարիք ունի ոստիկանությունը: Պատգամավորը կարևորեց նաև հասարակություն-ոստիկան փոխհարաբերությունները, ըստ նրա՝ ռեֆորմների էֆեկտիվությունը նաև այս գործոնով է պայմանավորված:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը էլ կարծում է, որ ոստիկանական բարեփոխումների արդյունքում մենք այլևս հարևան երկրում ժամանակին տեղի ունեցած բարեփոխումները նախանձով չենք հիշի ։

«Մեր բնակչության մի զգալի մասը ամեն տարի երբ լինում էր հարևան հանրապետությունում, հետ էր գալիս ու համեմատության մեջ անընդհատ ասում էր՝ նրանք կարողացան, մենք չկարողացանք։ Վերջապես, այս ռեֆորմների արդյունքում հայտնի կարգախոսը կսկսի գործել՝ մերն ուրիշ է։  Կունենանք ավելի պաշտպանված ոստիկան, որովհետև ոստիկանական ամեն գործողությունից հետո միշտ ոստիկանը մեղավոր է դուրս գալիս»:

Հիշեցնենք, քննարկվող նախագծով նախատեսվում է ներդնել նոր պարեկային ծառայություն, այն փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակետային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Ոստիկանության հետ համատեղ Կառավարության մշակած նախագծերի այս փաթեթը սահմանում է պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները։