Արդարացված են հանրային առողջության տեսանկյունից․ պատգամավորը՝ վարչապետի հրապարակած լուսանկարների մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Որևէ մեկին մեղավոր չենք փնտրում, որևէ մեկը մեղավոր չէ։ Առաջին պատասխանատուն ընդհանրապես երկրում տեղի ունցող բոլոր գործողությունների առաջին հերթին պետական կառավարում իրականացնող մարմիններն են, կառավարությունն է և կառավարող ուժն է»,- Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։
Սակայն, ըստ Աբրահամյանի, ցանկացած խնդիր այս համավարակի պայմաններում, և ցանկացած լուծում, որ առաջարկում են պարետունը և պատասխանատու մարմինները, պետք է նաև հասարակության մեջ արձագանք գտնի։ Պատգամավորի խոսքերով՝ եթե արձագանք չի գտնում, ապա գործողությունների արդյունավետությունը նվազում է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հարապետյանը, խոսելով Ադրբեջանի կողմից պատերազմական, ուժի սպառնալիքի հայտարարությունների մասին, նշեց, որ սրանք արվում են ներքին լսարանի համար։
«Քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի, դիմակների կրումը դարձել է պարտադիր, և տուգանվում է, և նաև այդ իրավիճակը հաշվի առնելով, նաև ներքաղաքական որոշ գործընթացներ՝ այս պահի դրությամբ, չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա նման արկածախնդրության։ Այնուհանդերձ այս կոչերն անպատասխան չեն մնալու։ Ինչպես Ազգային ժողովի դահլիճից հայտարարել է մեր ֆրակցիայի ղեկավարը, այնպես էլ մենք արտգործնախարարության հետ միասին՝ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի այս կոչերը, ինչպես նաև երեկ հայտնի սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառանալիքի բացառումը, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է, չմնա անարձագանք»,- ընդգծեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձավ մի շարք տնտեսական ցուցանիշների։ «Միայն 2019 թվականի ընթացքում, եթե դուք նայեք, ստվերայնության գնահատականը, որը սովորաբար կիրառվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունում, մոտ 1,5 տոկոսային կետով, ըստ էության, լավացել է։ Այսինքն՝ սա նաև քաղաքական կամքի դրսևորում է․ նկատել և հարկել ստվերը»,- ասաց Մանուկյանը։
Երկրորդ փոփոխությունը, ըստ պատգամավորի, վեկտորն է․ ֆինանսական և երկրի կայունության, մակրոտնտեսական առումով բավականաչափ պոզիտիվ է, Հայաստանը շուրջ 2,5 տոկոսային կետով ավելի քիչ ռիսկային գործընկեր է դիտարկվել միջազգային հանրույթի կողմից։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում այլ քաղաքացիների մասնակցությամբ նկարների, տեսանյութերի հրապարակմանը՝ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Փաշինյանի հրապարակումները ցույց են տալիս, որ սահմանված կանոնները չեն պահպանվում։
«Բայց ինչքան էլ Ոստիկանությունն աչալուրջ լինի, միևնույն է՝ մարդիկ պետք է իրավագիտակից լինեն, հասկանան, թե ինչ են անում։ Ես չեմ կարծում, թե որևէ մեծ ողբերգություն կլինի, որ մարդիկ 3-4 կամ 5 ամիս կամ գուցե կես տարի մեծ միջոցառումներ չկազմակերպեն։ Ես հասկանում եմ, որ դա նաև մենթալիտետի խնդիր է։ Բայց այդ մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին։ Եվ եթե նման հրապարակումները կարող են հանրության վրա որոշակի բարոյական ճնշման գործիք հանդիսանալ, ապա դրանք բացառապես արդարացված են հանրային առողջության տեսանկյունից»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում