Բացատրական աշխատանքի փոխարեն ոստիկանությունը բռնություն է կիրառում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգման նախագծի քննարկման ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետին կապված արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտող քաղաքացիների նկտամամբ ոստիկանության գործողությունների հետ։
«Քաղաքացիներին կանոնները պարտադրելու համատեքստում բացատրական աշխատանքների փոխարեն մենք տեսնում ենք բռնի ուժ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ինչը շատ վատ հետևանքներ է ունենում»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վարչապետին կոչ արեց ոստիկանությանը հորդորել համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնել չափանիշները, քանի որ դատապարտելի են դիմակ չկրելու համար մարդու թևը ոլորել, գետնին տապալելը։
Վարչապետը համաձայնեց, որ այս երևույթները դատապարտելի են, եթե տեղի են ունենում օրենքով չնախատեսված կարգով և դեպքերում․
«Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցման ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ոստիկանությունը ուժ կիրառի օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հորդորեց նաև թույլ տալ հավաքների ազատ իրականացում, ինչպես մյուս երկրներում՝ դիմակներով և սոցիալական հեռավորության պահպանմամբ, ինչին ի պատասխան վարչապետն ասաց՝ եթե հավաքվեն և սոցիալական հեռավորությունը չպահեն, բերման ենթարկվեն, կստացվի, որ կրկին խախտվում է մարդկանց ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։