«Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն արեց ավագանու նիստում։
«Երեկ վաղ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները»,- ասաց ավագանու Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքերով՝ ոստիկանները վարորդին տարել են բացատրություն տալու, նաև վարորդից հետաքրքրվել են, թե որքանով է նա կատարում իր աշխատանքային պարտականությունները։
«Եվ ինչո՞ւ եմ ես ոստիկանության կողմից (բնականաբար առանց իմ իմացության) ամիսներ շարունակ ինձ լուսանկարած նկարներում վարում խմբակցության մեքենան։ Ինձ համար շատ տհաճ և ցավալի է խոսել սրա մասին, բայց ոստիկանները բաժին են հրավիրել նաև նրա կնոջը, որպեսզի վերջինս հաստատի, որ նա տեղյակ է, թե ինչ աշխատանք է կատարում իր ամուսինը, ինչը բնականաբար նա արել է»,- շարունակեց Խաժակյանը։
Ըստ նրա՝ իր քաղաքական գործունեության հետ կապ չունեցող մարդկանց իր տեղաշարժի հետ կապված 6-րդ վարչությունում հարցեր ուղղելու առաջ կարելի էր դիտել «Քայլ առ քայլ» հաղորդումը, որտեղ ինքը աշխատավայրի կայանատեղիից նստում է այդ մեքենան, վարում այն։
Երեկ, «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքերով, ծանուցում է ստացել Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնից, որով իրեն հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում։ «Սա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է»,- շեշտեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում