Դիլիջանում հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերեցին և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկեցին 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 35 և 32-ամյա բնակիչներն ու հիվանդանոց տեղափոխված անձը վիճել էին,, որի ընթացքում 35-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել էր 31-ամյա տղամարդու ուղղությամբ:
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Դիլիջանի 35-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ու հայտարարվել հետախուզում։ Նա հայտնաբերվելուց հետո ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։