Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԽաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։
Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով:
Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում: Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: