Բացել լրահոսը Փակել լրահոսը
107597737_964401367350494_7351332899448148359_n
A A
Հարցազրույց Մշակույթ

Առցանց թատրոնը հակաթատերական պատմություն է

Թատրոնը միշտ այսօր է, այստեղ և այս պահին

«Ա1+»-ի զրույցը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ:

Աշխարհի բոլոր թատրոնները համավարակի պատճառով միաժամանակ դադարեցրին իրենց աշխատանքները։ Մենք էլ, բոլորի նման, սկսեցինք ապրել առցանց կյանքով։ Դա հիմնականում տարբեր տարիներին արխիվի համար նկարահանված ներկայացումների ցուցադրումներն էին։ Ես և մեր դերասանները մասնակցել ենք տարբեր առցանց միջոցառումների։ Բեմադրել ենք Դոստոևսկու «Խեղճ մարդիկ»  պիեսի առցանց ներկայացումը՝ կիսաներկայացում, կիսաընթերցում։ Բայց ինչ-որ պահի բոլոր թատրոններին պարզ դարձավ, որ դա տանջալի ընթացք է, և որոշակի իմաստով հակաթատերական, ինչ-որ չափով նույնիսկ հակապրոֆեսիոնալ, քանի որ ամենաարժեքավորը թատրոնում կենդանի շփումն է, կենդանի վիբրացիաները, զգացմունքները, զգացողությունները, բույրը, շոշափելի զգացումները, որոնք փոխանցվում են մարդուց մարդուն։ Եվ մենք, և ոչ միայն մենք, այդ իմաստով նվազեցրինք ընթացքը։


… առանց թատրոն անկարելի է

Ես կարող եմ հեռուստատեսությամբ կամ առցանց դիտել ներկայացումներ և համերգներ, բայց դա համեմատելի չէ դահլիճում նստած լինելու զգացողությունների հետ։ Ինչպես, ասենք, երբ նայում ես Ջոկոնդայի ֆոտոպատկերը։ Ֆոտոպատկերը ինֆորմացիա է, իսկ երբ կանգնած ես բնօրինակի առջև, քեզ փոխանցվում է նրա էներգետիկան։ Ինֆորմացիան ավելի շատ ուղեղի համար է, այն զգացական չէ։ Հեռուստաթատրոնն առանձին ժանր է։ Դա կինո չէ, բայց ոչ էլ թատրոն, և այն ծնվել է որպես արվեստի նոր տեսակ հեռուստատեսության ի հայտ գալով։ Այստեղ կարևոր է բեմադրող-հեռուստառեժիսորի, օպերատորի աշխատանքը։ Խորհդրային ժամանակներում դա հզոր ուղղություն էր։ Բազմաթիվ հրաշալի հեռուստաբեմականացումներ են բեմադրել Անատոլի Էֆրոսը, Մարկ Զախարովը, Պյոտր Ֆոմենկոն, Մարկ Ռոզովսկին։ Հայկական հեռուստատեսությամբ ամեն երկուշաբթի հեռուստաբեմականացում էին հեռարձակում։ Հեռուստածրագրում այդպես էլ գրում էին՝ հեռուստաթատրոն։ Հեռուստաներկայացումները բեմադրում էին Օլգա Մելիք-Վրթանեսյանը, Թամարա Բիտյուտսկայա-Էլիբեկյանը, Մարատ Մարինոսյանը։ Ես գտնում եմ, որ պետք է վերականգնել այդ ժանրը։ Եվ հիմա, եթե մեր առցանց կյանքը մեզ դրդի դրան՝ միայն ուրախ կլինեմ։ Բայց ինչպես Սորինն էր ասում Չեխովի «Ճայը»  պիեսում՝ առանց թատրոն անկարելի է։  Իսկ Սորինի այս արտահայտությանը, ով որևէ առնչություն չունի թատրոնին, ավելանում է ենթատեքստը՝ նրանք նստած են խուլ գյուղում, Նինային սիրահարված Կոնստանտինը հապճեպ մի «թատրոնիկ» է սարքում լճի վրա՝ բեմ, վարագույր կա, բայց բեմն առանց ետնապատի է, իսկ որպես դեկորացիա ծառայում է լճի տեսարանը ։ 

Ոչ մի ինժեներական հնար, որևէ տեխնիկա չի փոխարինի, ինչպես ասում էր Ստանիսլավսկին, մարդկային ոգու կյանքը

Դադարը կարող է ձգվել, բայց թատրոնը տարատեսակ բաներ է վերապրել, ու կենդանի է։ Աշխարհը զարգանում է, տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրում, և նույնիսկ նրանք, ովքեր չէին ուզում, ստիպված եղան յուրացնել։ Պետք է ամեն բանում դրականը գտնել ։ Տեխնոլոգիաները կարելի է  կիրառել, որպես օժանդակ գործիք։ Մի անգամ Արմեն Ջիգարխանյանի հետ մի ներկայացում էինք քննարկում, որտեղ տեխնիկական շատ հնարքներ էին օգտագործված։ Նա ասաց. «սա ինժեներական ներկայացում է, այս ամենը տեխնիկայի հարց է, իսկ այ երբ դատարկ բեմ է ելնում դերասանը, և մեր աչքի առաջ իր հետ հենց այստեղ ու այդ պահին ինչ-ոչ բան է կատարվում՝ դա է թատրոնը»:

Ոչ մի ինժեներական հնարք, ոչ մի տեխնիկա չի կարող փոխարինել, ինչպես Ստանիսլավսկին էր ասում, մարդկային ոգու կյանքը։ Մենք հենց դրա համար ենք թատրոն գնում։ Ինչպես գնում ենք եկեղեցի։ Այնպես որ, թատրոնը հավերժ է։ 

Երբ գաղափար ծագեց բացօթյա ներկայացում խաղալ, հիշեցինք, որ հիանալի ներքին բակ ունենք

Թատրոնը տուն է, ընտանիք։ Այնպես ստացվեց, որ մեզ «բաժանեցին», բայց կապը պահեցինք, շարունակեցինք առցանց աշխատել, քննարկել, մտքեր փոխանակել, նախապատրաստական աշխատանք տանել։ Եվ հենց որ թույլ տվեցին երկու-երեք հոգով փորձեր անել՝ թատրոնը միանգամից լծվեց աշխատանքի։ Փորձերն իրականացվում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն՝ բոլոր ցուցումների խիստ պահպանմամբ։ Նկարիչներն ուղարկում են էսքիզները, և հաստատումից հետո սկսում պատրաստել դեկորացիաների մանրակերտերը։   

 Իռա Հարությունյանն առցանց ռեժիմով աշխատում է Ջո Օրթոնի «Ինչ է տեսել պալատականը» ներկայացման վրա։ Դա նույն բեմադրությունը չէ, որ բեմադրել էր Ալեքսանդր Գրիգորյանը և որը գլխապտույտ հաջողություն ունեցավ։ Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Սա նոր տարբերակ է։ Նոր բեմական ձևավորմամբ, դերերի 90 տոկոսով նոր բաշխմամբ, նոր երաժշտական լուծումներով, որովհետև թատրոնը միշտ այսօր է, այստեղ և հիմա։

Մանվել Խաչատրյանը, նույնպես առցանց ռեժիմով իրականացնում է Սլավոմիր Մրոժեկի «Ամռան օր» պիեսի փորձերը։

Թատրոնի բակում ընթանում են  հրավիրյալ ռեժիսոր Գոռ Մարգարյանի՝ լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի «Գարդենիա»  պիեսի փորձերը։ 

Երբ գաղափար ծագեց բացօթյա ներկայացում խաղալ, հիշեցինք, որ հիանալի ներքին բակ ունենք։ Հիմա կարծում եմ, որ անկախ համավարակից, հետագայում նույնպես որոշ ներկայացումների համար կարելի է ամռան սեզոնին օգտագործել մեր բակը, հատկապես, որ մեր կլիմայական պայմանները դա թույլ են տալիս։

Իմ դիրքորոշումն է՝ ավելի լավ է սպասել

Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում տարբեր երկրների թատերական կյանքում։ Հետզհետե բոլորը վերադառնում են իրական ռեժիմ։ Ռուսաստանում թատրոնները վերսկել են փորձերը, և հույս կա, որ սեպտեմբերին կբացեն դռները։ Նույնիսկ որոշներն աֆիշներ են փակցնում։ Գերմանիայում արդեն ներկայացումներ են խաղում։ բայց… երբ տեսա մի ներկայացման առաջնախաղի լուսանկարները, մեղմ ասած… գեղեցիկ դեկորացիաներ, բեմական զգեստներ, և դերասաններ…պլաստիկ սաղավարտներով, որոնց մեջ արտացոլվում են լուսարձակների լույսերը։ Իմ դիրքորոշումն է՝ ավելի լավ է սպասել։ 

Սպասում ենք, հույս փայփայում, հավատում

Ես ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ» պիեսն եմ բեմադրում: Սա շատ մարդկային, հուզիչ և ակտուալ պիես է։ Այն այսօրվա, վաղվա և երեկվա մասին է։ Մարդկային փոխհարաբերությունների, մարդկանց մասին է։ Շատ եմ սիրում այդ պիեսը և արդեն հինգ տարի է մտադրաված եմ բեմադրել, և ահա եկավ հարմար պահը։ Նախ, որովհետև պիեսը բաղկացած է տասնմեկ նովելներից, և յուրաքանչյուրում կա երկու-երեք գործող անձ։ Մի կողմից ամեն առանձին արարում ընդամենը երկու-երեք դերասան է ներկայանում, սակայն  մասնակից է տասնվեց դերասան, իսկ դա այսօր շատ կարևոր գործոն է։ Դերասանները կարոտել են թատրոնը, աշխատանքը։ Եվ առհասարակ, այսպիսի պարապուրդից կարելի է մասնագիտությունը կորցնել։

Պիեսը շատ համահունչ է մեր ժամանակներին։ Մարդկային արարածների մասին է, որոնք հայտնվում են կյանքի տարբեր իրավիճակներում, ինչպես մենք այժմ հայտնվել ենք նոր իրականությունում։ Մենք փորձ ենք անում՝ անմնացորդ սիրահարված նյութին, զգալով, թե որքան է այն ժամանակին համահունչ, որքան մեր մասին է։ Կարծում եմ՝ հանդիսատեսին նույնպես հետաքրքիր կլինի։

Մեծ խանդավառությամբ են փորձեր անում, և հատկապես հաջող փորձերից հետ ինքներս մեզ հարց տալիս՝ իսկ առաջնախաղը ե՞րբ է…

Բայց առայժմ սպասում ենք, հույս փայփայում ու հավատում։