ԼՀԿ-ի համակիր լինելը շղարշ էր Արման Բաբաջանյանի համար՝ Խորհրդարան մտնելու. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք խնդիր ենք տեսնում այն առումով, որ մեր ԼՀԿ-ի մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն, ԼՀԿ-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով իրենց 18-րդ մանդատի վերականգնման համար ԿԸՀ ներկայացրած դիմումի մերժմանը։
Սամսոնյանը պնդեց՝ իրենց իրավունքը խախտված է, իսկ ԿԸՀ-ն այն չի վերականգնել։ Նշեց, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքները և բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը, ընթացակարգերի մասին լրացուցիչ կհայտնեն։
Ինչ վերաբերում է այժմ արդեն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությանը, և հարցադրմանը, թե ինչո՞ւ են Բաբաջանյանին այն ժամանակ ընդգրկել իրենց ցուցակում, Սամսոնյանն ասում է․
«Արման Բաբաջանյանը իրեն համարել է «ԼՀԿ»-ի համակիր, բայց, ինչպես տեսանք, դա շղարշ էր՝ մեր միջոցով պառլամենտ մտնելու և այլ նպատականեր իրականացնելու համար»։
Սամսոնյանը հիշեցրեց՝ հրապարակային ներողություն է խնդրել, որ Արման Բաբաջանյանը այսօր Ազգային ժողովում է։
Դիտարկմանը, որ Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ՝ նշելով, որ խմբակցությունն իրական ընդդիմություն չէ, պատգամավորն արձագանքեց՝ դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ․
«Արման Բաբաջանյանը ընտրվել է համամասնական համակարգով, և այդ դեպքում մանդատը պատկանում է քաղաքական ուժին, այլ ոչ՝ պատգամավորին։ Նա այն պատգամավորներից է, որը հավաքել է ամենաքիչ ձայնը։ Ժողովուրդը մանդատ է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի վերջինս իրականացնի իր քաղաքական ծրագրերը»,- նշեց պատգամավորը։
Անի Սամսոնայնը համոզված է՝ Արման Բաբաջանյանը իշխանական խմբակցության 89-րդ մանդատն է, հակառակ դեպքում՝ իմքայլական պատգամավորներն այդքան չէին նեղսրտի՝ իմանալով, որ «Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Բաբաջանյանից մանդատը վերցնելու պահանջով.
«Այսինքն՝ իշխանությունը պաշտպանում էր իր 89-րդ մանդատը»։