Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-vardanyan
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Միայն հրաշքը կարող է փրկել Լուկաշենկոյին չհեռանալուց․ քաղաքագետ

Բելառուսում ստեղծված իրավիճակի, հետընտրական  լարվածության,  հնարավոր հետևանքների և զարգացումների վերաբերյալ «Ա1+»-ը  զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

-Ձեր կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Իմ կարծիքով միայն հրաշքը կարող է փրկել Լուկաշենկոյին չհեռանալուց։ Այս պահին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր նախադրյալները կան, որ Բելառուսում տեղի ունենա հեղափոխություն կամ իշխանափոխություն։ Իհարկե, դա կարող է լինել խաղաղ ճանապարհով, Լուկաշենկոն կարող է հասկանալ, որ իր ժամանակը եկել է և գնալ, և կարող է ուղղակի փորձել բռնությամբ, արյան միջոցով պահել իր իշխանությունը։ Բայց, իմ խորին համոզմամբ, հեղափոխությունը շատ մոտ է, որովհետև օր օրի իշխանությունը, պառակտվում է ներսից, արդեն դիվանագետներն են դուրս գալիս Լուկաշենկոյի դեմ, և այս պահին նրա իշխանությունը հիմնված է միայն ուժայինների վրա, բայց, հաշվի առնելով, որ Սվետլանա Տիխանովսկայան ուժայիններին կոչ արեց միանալ ժողովրդին և դրա դիմաց ազատվել հետագա պատասխանատվությունից, ապա, կարծում եմ, նաև ականատես կլինենք, որ ուժայիններից կանցնեն ժողովրդի կողմը։

-Ձեր գնահատմամբ՝ ինչի հետեւանք է ստեղծված իրավիճակը, հատկապես ի՞նչը բորբոքեց ժողովրդին և փողոց դուրս բերեց։

-Երբ բռնապետական ռեժիմները ճնշում են ժողովրդին, դա մի օր պետք է պայթի, և այս ընտրությունները դրա համար լավագույն առիթն էին։ Շատ ցինիկ ձևով կեղծվեցին ընտրությունները, և ժողովուրդը, բնականաբար, չէր կարող հարմարվել այս իրողության հետ։

-Երբ զուգահեռներ են անցկացվում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և Բելառուսում կատարվողի միջև, խոսք է գնում այն մասին, որ Բելառուսում չկա առաջնորդ։

-Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին նմանությունն այն է, որ ժողովուրդը խաղաղ պայքարի մարտահրավերն է ընտրել,  գործադուլների, բողոքի ցույցերի և այլ ակցիաների միջոցով փորձում է հասնել իշխանության տապալմանը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր լիդերի առկայությանը, կան երկու լիդերներ, ովքեր անուղղակիորեն այլ մարդկանց միջոցով կառավարում են այդ բողոքի ցույցերը։ Ընդհանրապես Բելառուսում երկու ընդգծված ընդդիմադիր լիդեր կա՝ Վիկտոր Բաբարիկոն, ով այժմ կալանքի տակ է, և որին Լուկաշենկոն դեռ ընտրություններից առաջ էր ձերբակալել, և մյուսն էլ  Վալերի Ցեպկալոն է, ով փախել է երկրից էլի ընտրություններից առաջ։ Հենց նրանց աջակցությունը որոշիչ եղավ, որ Տիխանովսկայան այսպիսի մեծ թվով ձայներ հավաքեց Բելառուսի ընտրություններում։ Օրինակ՝ Ցեպկալոյի շտաբի պետը ղեկավարում է բողոքի ցույցերը։

-Ի՞նչ տպավորություն ստացաք Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։ Ռուսաստանը կարո՞ղ է միջամտել։

-Հեռախոսազրույցից այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել Լուկաշենկոյին, բայց դա կարող է խաբուսիկ լինել, որովհետև կան տեսակետներ, որ ընդդիմադիր լիդերներից ոմանք Կրեմլի մարդիկ են, նաև Լուկաշենկոն էր նման ակնարկ անում,  օրինակ՝ ընդդիմադիր լիդեր Բաբարիկոյին կապում են  «Գազպրոմ»-ի հետ։ Հավանական է, որ այսօր Կրեմլը Լուկաշենկոյին օգնություն ցույց չի տա, քանի որ հենց իր մարդիկ պետք է գան իշխանության, բացի դրանից՝ Լուկաշենկոն երկար տարիներ մշտապես Կրեմլի համար անզիջում դիրք է գրավել շատ հարցերում, օրինակ՝ կորզել է էժան գազ, բազմաթիվ այլ արտոնություններ Բելառուսի համար, և Կրեմլի համբերության բաժակն էլ է լցվել։

Մյուս տարբերակն այն է, որ միգուցե, այնուամենայնիվ, Պուտինը գնա Լուկաշենկոյին աջակցելու ճանապահով, բայց  դրա դիմաց շատ մեծ զիջումներ կորզի։

Առայժմ նկատելի է, որ ակնհայտ միջամտություն Ռուսաստանի կողմից այս գործընթացներին չկա։

-Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պե՞տք է շնորհավորեր Լուկաշենկոյին։

-Ես կարծում եմ, որ պետք չէր շտապել և անմիջապես հաջորդ օրը շնորհավորել ակնհայտորեն կեղծված, ժողովրդավարական որևէ չափանիշների չհամապատասխանող ընտրությունները, կարծում եմ՝ կարելի էր որոշ ժամանակ սպասել, մինչև պաշտոնական Բելառուսի կողմից հրապարակված արդյունքները կլինեին, մանավանդ, որ Լուկաշենկոն բազմիցս թիկունքից հարվածներ է հասցրել Հայաստանին տարբեր տարիներին, այնպես որ պետք է չէր շնորհավորելով ինչ-որ տեղ նաև քաղաքական աջակցություն հայտնել նրան։